Մատչելի հղումներ

՝՝ԱՄՆ-ի վարչակազմն աջակցում է հայ-թուրքական պատմական հանձնաժողով հիմնելու գաղափարը՛՛


ԱՄՆ-ի Արտգործնախարարի Եւրոպայի եւ նախկին խորհրդային երկրների հարցերով օգնական Ֆիլ Գորդոնը, որը վերջերս էր գտնվում անդրկովկասյան տարածաշրջանում, երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Եւրոպական հարցերով ենթահանձնաժողովում հանդես գալով հաշվետվությամբ, պատասխանեց նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցին, որը նրան հղեց ենթահանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ուեքսլերը։ Վերջինս նաեւ թուրքական հարցերով հանձնաժողովի համանախագահն է։
՝՝Ի՞նչ է ԱՄՆ-ի արտգործնախարարությունն անում, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանը շահի՛՛։

Ուեքսլերի այս հարցին Ֆիլ Գորդոնը պատասխանեց, ասելով, թե ՝՝Այստեղ առկա են երկու զուգահեռներ՝ հայ-թուրքական երկխոսությունը եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացը։ Պատմական մեծ նշանակություն ունի հայ-թուրքական հաշտեցման գործընթացը՛՛, ասաց նա, հույս հայտնելով, որ ի վերջո այն կտանի դեպի դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, ինչպես նաեւ կարող են ստեղծվել այդ թվում պատմությունն ուսումնասիրող հանձնաժողովներ։


ԱՄՆ-ի վարչակազմը խրախուսում եւ աջակցում է եւ հայ-թուրքական երկխոսության եւ ղարաբաղյան խաղաղության գործընթացները, ասաց նա, հուսալով, որ դրանք կշարունակվեն անկախ Եւրոպայում կամ այլուր տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ, նրա խոսքերով, ՝՝դրանք բխում են ամբողջ տարածաշրջանի շահերից՛՛։

ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականը շեշտեց, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աջակցում է հայ-թուրքական պատմական հանձնաժողով հիմնելու գաղափարը։ Մի բան, որը մի շարք կազմակերպություններ, ինչպես օրինակ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, համարում են Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելու Թուրքիայի կառավարության ջանքերի արդյունք։

՝՝Եւ այն հանգամանքը, որ Օբաման աջակցում է հայ-թուրքական պատմական հանձնաժողով ստեղծելու գաղափարը՛՛, ասում են նրանք, ՝՝հակասում է ընտրարշավի ժամանակ Հայոց ցեղասպանությունը անվերապահորեն ճանաչելու Օբամայի դիրքորոշմանը՛՛։

XS
SM
MD
LG