Ռուսաստանի կողմից Հարավային Օսիան եւ
Աբխազիան գրավելու փաստը արժանանում է միջազգային մեծ արձագանքի։
Եւրոպայում շատերի կողմից այն
դիտվում է որպես ագրեսիա ընդդեմ ժողովրդավարական երկրի։
ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց Վրաստանին ու նրա տարածքային ամբողջականությանը ու կոչ արեց ռուսներին հետ քաշվել։
՝՝Այս գործողությունները մի շարք հարցեր են
առաջ բերում Վրաստանում ու այս տարածաշրջանում Ռուսաստանի մտադրությունների մասին՛՛ ասաց նա։
Ինչպես Ռուսաստանի հարցերով փորձագետ Ժառանգություն հիմնադրամից Արիել Քոհենն է ասում, Մոսկվան այսպես է արտահայտում Վրաստանի ու այս երկրի ժողովրդավարական եղանակով ընտրված նախագահի հանդեպ Արեւմուտքի դրական վերաբերմունքի նկատմամբ իր ընդդիմությունը։
՝՝Ռուսաստանը շարունակում է մտածել 19րդ դարի չափանիշներով ու փորձում ազդեցության իր ոլորտները վերագտնել ռազմական ուժով։ Նրանք դա համարում են հին ռուսական կայսրության ազդեցության ոլորտ, կամ նախկին Խորհրդային Միության տարածք՛՛։Լրատվական գործակալությունները
հիշեցնում են, թե ինչպես էր Մոսկվան վերահսկում Արեւելյան Եւրոպան ու ինչպես
1968ին ու 56-ին ներխուժումներ իրականացրեց Չեխոսլովակիա ու Հունգարիա՝ ճնշելու
անկախության ձգտումները։
Շատերն այստեղ ասում են, թե Ռուսաստանը, նախկին ուժեղ նախագահ Պուտինի վերահսկողությամբ գուցե այսօր գնում է նույն ուղղությամբ։
Ջոնս Հոփքինզ համալսարանի միջազգային հարցերով մասնագետ Ռութ Ուեջուուդն ասում է, թե Վրաստանում այս գործողությունները ազդանշան են Կենտրոնական Եւրոպայի երկրներին։
՝՝Տնտեսական ազդեցություն ունենալու
նախկին տպավորությունն այժմ փոխարինվում է 56 թվականի հունգարական դեպքերը
կրկնելու սպառնալիքով։ Եթե չենթարկվեք չգրված որոշակի օրենքների, մենք
կներխուժենք։ Սա է ուղերձը՛՛, ասում է նա։
Այս մտավախությամբ երեքշաբթի օրը
նախկին խորհրդային հինգ պետությունների ղեկավարներ մասնակցեցին Թբիլիսիում
անցկացված ցույցին՝ ի պաշտպանություն Վրաստանի։
Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ը Վրաստանում
իրադրությունը փոխելու սահմանափակ հնարավորություններ ունեն։ Նախագահ Բուշն ասել է
միայն, որ Մեծ Ութնյակին Ռուսաստանի մասնակցության հարցը դրվում է վտանգի տակ։
Վերլուծաբաններից
շատերն են ասում, որ Իրանի միջուկային ծրագրերը դադարեցներլու գործում ԱՄՆ-ը ունի
Ռուսաստանի օգնության կարիքը, Ռուսաստանի համագործակցությունը կարեւոր է էներգիայի
աղբյուրների գները կարգավորելու նպատակով եւ Աֆղանստանում ու Մերձավոր Արեւելքում
խաղաղության գործընթացն ապահովելու համար։
Ուրեմն Ռուսաստանին մինչեւ կայսերապաշտության մեջ
մեղադրելը, հարկավոր է կշեռքի վրա դնել նաեւ միջազգային նման հարցերում այս երկրի
կարեւորության գործոնը։ Իսկ ԱՄՆ-ը
առայժմ մարդասիրական օգնություն է ուղարկում Վրաստանի ժողովրդին օգնելու համար,
ինչը նախագահ Բուշի խոսքերով, կլինի մեծ ու շարունակական։