Մատչելի հղումներ

Վրաց-աբխազական հակամարտությունը պատերազմի համար սպասում է կայծի


Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Աբխազիայից գաղթած անձանց վերադարձի իրավունքը ճանաչելու մասին ընդունեց որոշում ձայների 14-ը 11-ի հարաբերությամբ, այն դեպքում, երբ 1Օ5 պետություն մնաց ձեռնպահ, 63-ը չքվեարկեց ընդհանրապես։ Բանաձեւի ընդունման դեմ արշավը ղեկավարում էին Ռուսաստանն ու Հայաստանը։ Ի դեպ Եւրոպական Միության 17 անդամ պետությունները չքվեարկողների շարքում էին։ Մասնավորապես Գերմանիան հայտարարեց, թե բանաձեւն անտեսում է Ռուսաստանի դիրքորոշումը։ Հանգամանք, որը նշում է Վրաստանը Արեւմուտքին ինտեգրացնելու Արեւմուտքի ջանքերը, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ նրանց գնալով աճող հետաքրքրությունը։

Թուրքիան նույնպես մնաց ձեռնպահ, Ադրբեջանն ու Ուկրաինան՝ կողմ։ Այս հարցում Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Մոլդովայի միասնությամբ կազմված ԳՈՒԱՄ-ի պետությունների դիրքերը լքեց Մոլդովան, որը նույնպես, Ռուսաստանի հետ հարաբերությունները գերադասելով, մնաց ձեռնպահ։

Իսկ այսօր վրաց-աբխազական սահմանում իրադրությունն այնքան է սրվել, որ պատերազմի վերածվելու համար սպասում է պարզ մի կայծի։

Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հպարտանում է, որ փոքր ազգ լինելով հանդերձ, իր երկիրն ունի բավականաչափ զենք ու զինամթերք, բանակը՝ լավ պատրաստականություն ու պատրաստակամություն՝ հաղթելու որեւէ նվաճողի, այդ թվում ներկա նվաճող պետությանը, ակնարկելով Ռուսաստանը։

Վրաստանը 6ՕՕ թվակազմով զորքեր է տեղակայել Վերին Աբխազիայի լեռներում։ Նկատելիորեն ավելացվել է Վրաստանի վերահսկողության տակ մնացած աբխազական միակ հատվածում՝ Քոդորի կիրճում վրացական ուժերի թվակազմը։

Իսկ ՄԱԿ-ի դիտորդներին ռուսական կողմը չի տվել խաղաղապահ իր գումարտակն այցելելու իրավունք, քանի որ, ինչպես վերլուծաբաններից ոմանք են ասում, այս գումարտակն ունի ծանր հրետանի, ինչը նշանակում է, որ նրա նպատակն այստեղ խաղաղությունը պահպանելը չէ։

Եւ այսպես, տեղի է ունենում ուժերի նկատելի տեղաշարժ սահմանային գոտիներում, իսկ հետնաբեմում՝ շարունակվում քաղաքական տեղաշարժը։ Վրաստանն այսօր հայտնվում է իր բարձրագոչ հայտարարություններին ընդդեմ ռուսական քաղաքականության շախմատային մարտաոճի ճնշման տակ, երբ լուրեր են տարածվում Աբխազիայում ռուսական ռազմական հենակետեր բացելու շուրջ Ռուսաստանի օդային ուժերի հրամանատարի հայտարարության մասին։

Ռուսաստանի այս քայլերը դիտվում են որպես Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու քայլերին ուղղված պատասխաններ, որտեղ Աբխազիան կամ կօգտվի այլոց հակամարտությունից, կամ կդառնա քավության նոխազ։

XS
SM
MD
LG