Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հանրապետական մրցավազքից դուրս գալու որոշում կայացրեց երեքշաբթի օրը անցկացված նախնական ընտրություններից հետո։ Ենթադրվում է, որ թեկնածու Ջոն Մըքեյնն այժմ կփորձի ստանալ Միթ Ռոմնիի պահպանողական կողմնակիցների աջակցությունը։
Գեր երեքշաբթի կոչվող նախնական ընտրություններում մասնակցեցին 24 ամերիկյան նահանգներ։ Արդյունքում հանրապետական թեկնածուներից Ջոն Մըքեյնին հաջողվեց հավաքել առաջադրման համար անհրաժեշտ պատգամավորների թվի կեսից ավելին։ Իսկ ընտրապայքարից դուրս գալու Միթ Ռոմնիի որոշումը թեկնածու Մայք Հաքըբիին մղեց երկրորդ տեղը։
՛՛Ես շատ եմ մտածել եւ որոշել եմ, որ ընտրապայքարը շարունակելու դեպքում կհեշտացնեմ դեմոկրատ թեկնածու Քլինթընի կամ Օբամայի հաղթանակը՝՝, ասաց Միթ Ռոմնին հրաժեշտի իր ելույթում ։
Ջոն Մըքեյնը ավելի ուշ պահպանողական ընտրողների հետ ունեցած մի հանդիպման ժամանակ չկողմնորոշված ընտրողներին կոչ արեց քվեարկել իր օգտին ։ ՛՛Իմ ընտրապայքարը հիմնված է մեր երկրի ապագայի վերաբերեալ պահպանողական սկզբունքների վրա՝՝, հայտարարեց Մըքեյնը։
Ենթադրվում է, որ չկողմնորոշված ընտրողներից շատեր այժմ հազիվ թե ժամանակ ունենան մտածելու այլ թեկնածուի աջակցելու մասին։ Այս շաբաթ կանցկացվեն վեց նախնական ընտրություններ, որոնց ընթացքում հանրապետական ընտրողների մեծ մասը ընտրություն կկատարի Ջոն Մըքեյնի եւ Մայք Հաքըբիի միջեւ։