Մատչելի հղումներ

Մերձավորարեւելյան խաղաղության գործընթացին նվիրված վեհաժողով


ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքում երեքշաբթի օրը կսկսվի մի համաժողով, որի նպատակն է Վաշինգտոնի ջանքերով փակուղուց հանել մերձավորարեւելյան խաղաղության գործընթացը: Վեհաժողովից առաջ արդեն իսկ սկսվել են հանդիպմուներ երկու կողմերի հետ, ներշնչելով հույս, որ վեհաժողովը կարող է դառնալ արդյունավետ բանակցությունների սկիզբ:

Արդեն մի քանի տասնամյակ են ԱՄՆ-ի նախագահները փորձում լուծում գտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության համար: Բուշը նույնպես իր արտաքին քաղաքականության կարեւոր կետ էր համարում այս խնդրի լուծումը ու մինչեւ իր պաշտոնին հրաժեշտ տալը, վերջին ճիգերն է անում, եթե ոչ լուծելու, գոնե խաղաղության գործընթացը վերականգնելու համար:

Բուշը հավատացած է, որ հնարավոր է այստեղ ժողովրդավարական երկու պետությունների գոյակցումը: Նշելով, որ իսարյելցիներն ու պաղետսինցիները երկար են սպասել այս գործի իրականացմանը՝ Բուշը կոչ է անում Անապոլիս հրավիրված բոլոր պաշտոնատար անձանց կրկնապատկել խաղաղության երազանքները իրականւթյուն դարձնելու իրենց ջանքերը: Սակայն ինչպես Սպիտակ տան պաշտոնյաներն են ասում, Բուշը այս վեհաժողովում չի ներկայացնի խնդրի լուծման իր տեսակետները:

Վերլուծաբաններից շատերի կարծիքով, կայանալիք հանդիպումը բանակցություն չէ, այլ՝ բանակցություններ սկսելու նախաբան: Ու չնայած ԱՄՆ-ի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ, որպես հիմք, ինչ որ փաստաթուղթ կներկայացվի համաժողովին, չի թվում, որ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն ու Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը սահմանների վերահաստատման, Երուսաղեմի պատկանելության եւ 1948 թվականից ի վեր իրենց տներից հեռացած պաղեստինցի փախստականների վերադարձի շուրջ հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Մինչ այդ ապարդյուն էին անցել երկու կողմերի միջեւ հակասությունները հարթելու համար ԱՄՆ-ի արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսի կողմից իրականացված ջանքերը: Եւ այն տեսակտեը կա, որ եթե կողմերը համաձայնության չկարողանան գալ համատեղ հայտարարության շուրջ, բանակցությունների ուղին դեռեւս կշարունակի մնալ փակուղային իրավիճակում: Այդ առումով Անապոլիսի վեհաժողովը պիտի դառնա ազդանշան, ցույց տալու, թե արդյոք կան մերձավորարեւելյան խաղաղության գործընթացը վերականգնելու հույսեր, թե փակուղին դեռեւս շարունակելու է մնալ առանց ելքի դռան:

XS
SM
MD
LG