Միացյալ Նահանգներում Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ ԿՀՎ-ն ունեցել է շատ գունագեղ ու պատմության հակասական էջեր: Ինչպիսի՞ն է եղել նրա անցյալը եւ ի՞նչ պայմաններում է այն գործում այսօր:
Այն բանից հետո, երբ 1941 թվականին ճապոնացիները հարձակվեցին Փըրլ նավահանգստի վրա, նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը հիմնեց լրտեսություն եւ դիվերսիա իրականացնելու համար Ռազմավարական ծառայությունների հաստատությունը: 1947-ին այն անվանվեց Կենտրոնական հետախուզական վարչություն: Փիթըր Էրնեստը ԿՀՎ-ի նախկին սպա է.
«Սառը պատերազմի տարիներին մենք իրոք կանգնած էինք ԱՄՆ-ի առաջնային գծերում»:
Խորհրդային հետախուզության նախկին գեներալ Օլեգ Կալուգինի խոսքերով, ԿՀՎ-ը մեծ անհանգստություն էր ՊԱԿ-ի համար.
«Մեր սկզբունքն էր երբեք չթերագնահատել հակառակորդին»:
Սակայն ԿՀՎ-ը չկանխատեսեց Խորհրդային Միության փլուզումը, սխալ տեղեկություններ ձեռք բերեց Իրաքում զանգվածային բնաջնջման զենքերի մասին: Ամենահակասական գործողություններից են 53 թվականին Իրանում զինված հեղաշրջումը եւ 73-ին Չիլիում Սալվադոր Ալիենդեի կառավարության տապալումը:
ԿՀՎ-ի նախկին փոխտնօրեն Ջոն Մաքլաֆլինը հաջողություն է համարում սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանում վարչության իրականացրած գործողությունները: Հետախույզներից շատերն են ասում, թե տեխնոլոգիական միջոցները միայն փոքր գործիք են լրտեսության մեջ:
«Թշնամու մտքերն ու ծրագրերը կարդալու գործում ամենակարեւորը մարդու կողմից իրականացվող լրտեսության գործոնն է », ասում է ԿՀՎ-ի գիտական բաժնի նախկին սպա Յուջին Փոթիթը։
Սակայն ինչպես Մաքլաֆլինն է ասում, շատ կարեւոր է այդ երկուսի միջեւ ճիշտ հավասարակշռություն հաստատելը.
«Ամենամեծ սխալները թույլ ենք տալիս այն ժամանակ, երբ հենվում ենք կամ միայն մարդկային, կամ միայն տեխնոլոգիական հետախուզության վրա»:
Սեպտեմբերի 11-ից հետո ԿՀՎ-ի աշխատակազմի կեսը նոր ընդունվածներն են, ովքեր կիրառում են տեխնոլոգիական այնպիսի միջոցներ, որոնց մասին Սառը պատերազմի տարիներին երազելն անգամ անհնար էր: