Մատչելի հղումներ

Օգնություն՝ ճնշված ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպություններին


Ժողովրդավարության եւ համաշախարհային հարցերով Միացյալ Նահանգների արտաքին գործերի փոխնախարար Փոլա Դոբրիանսկին ասում է, որ հակառակ միջազգային ջանքերին, մի շարք կառավարություններ ճնշամիջոցներ են կիրառում ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների նկատմամբ.

«Մի շարք երկրներում ընդունվել կամ նախապատրաստվում են ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների դեմ օրենքներ, որոնց նպատակը խոսքի ազատությունը ճնշելն է: Միացյալ Նահանգները, այս հիմնարար իրավունքը պաշտպանելու նպատակով, ցանկանում է որոշակի ծրագրերի միջոցով աջակցել դրա համար պայքարող խիզախ մարդկանց ու դիվանագիտական եղանակներով աշխատել այդ երկրների կառավարությունների հետ»:

Ռուսաստանն անցյալ տարի ընդունեց կազմակերպությունների գրանցման մասին շատ խիստ օրենքներ, որոնց բացասական ազդեցությունը ոչ կառավարական կազմակերպությունների վրա արդեն իսկ նկատելի է: Հատկապես մարդու իրավունքները ուսումնասիրող կազմակերպությունների նկատմամբ Ռուսաստանի իշխանությունները ցուցաբերում են բացասական, հաճախ՝ թշնամական վերաբերմունք:


Չինաստանում թույլատրված է իրապես անկախ ոչ կառավարական միայն մի քանի կազմակերպություն: Օրինական կարգավիճակներ ունեն միայն պետության կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունները: Ինչ վերաբերում է այստեղ գործող միաջազգային կազմակերպություններին, նրանց համար չկան լիարժեք օրենքներ, եւ այդ պատճառով, դժվար է օրինական կարգավիճակի ձեռք բերումը: Քաղաքական իրավունքներ պահանջող կազմակերպություններն ու անկախ արհեստակցական միությունները Չինաստանում չունեն օրինական կարգավիճակ եւ հաճախ են ենթարկվում իշխանությունների ճնշամիջոցներին:

Միացյալ Նահանգների բյուջեի ավելի քան մեկ միլարդ դոլարը նախատեսված է մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ծրագրերի համար: Այդ նպատակով ընդունվել է տասը սկզբունք այն մասին, թե ինչպես կառավարությունները պետք է վերաբերվեն ոչ կառավարական կազմակերպություններին: Դրանցից մեկն այն է, որ ոչ կառավարական կազմակերպությունների համար պետք է ստեղծվեն աշխատանքային պայմաններ՝ առանց խտրականության: Այդ կազմակերպությունները պետք է ունենան տվյալ երկրի կառավարությունից, արտասահմանից եւ միջազգային այլ միավորներից ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք:

Բացի այդ, ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հաստատելու է Մարդու իրավունքների համաշխարհային պաշտպանության հիմնադրամ, որը պետական ճնշումների պատճառով ծանր վիճակում հայտնված ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքարող գործիչներին կցուցաբերի արտակարգ ֆինանսական օգնություն:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու աշխատանքի հարցերով Միացյալ Նահանգների արտգործնախարարի տեղակալ Բարրի Լոուենքրոնը 2006 թվականը ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում անվանել է «հետադարձ տարի»:

Նրա խոսքերով, մարդկային արժանապատվության պաշտպանությունը եւ աշխարհում արդյունավետ ժողովրդավարության աճի նկատմամբ աջակցությունը երկարաժամկետ ջանքեր է պահանջում: Սակայն որքան էլ շատ լինեն խոչընդոտները ու դանդաղ՝ առաջընթացը, Միացյալ Նահանգներն ու նրա գործընկերները իրենց ջանքերում մնալու են հաստատակամ:

XS
SM
MD
LG