Մատչելի հղումներ

ԱՄՆ 2008 թվականի բյուջեի նախագիծը


Նախագահ Ջորջ Բուշը 2008 թվականի բյուջեի իր առաջարկն անցնող երկուշաբթի ուղարկեց կոնգրեսին։ Երկու տրիլիոն 9 հարյուր միլիարդ դոլար գումարի ծրագրով նախատեսվում է ավելացնել ռազմական՝ եւ նվազեցնել երկրի ներքին ծրագրերի ծախսերը, ինչպես օրինակ, առողջապահությունն ու կրթությունն են։

Նոր բյուջեյով նախատեսվում է հավելյալ 245 միլիարդ դոլար գումար հատկացնել Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտությունների դեմ պայքարելու համար 2007 եւ 2008 թվականներին։

Անցնող երկուշաբթի նախագահ Ջորջ Բուշը ելույթ ունենալով իր կառավարության անդամների նիստում ասաց, թե այս առաջարկի նպատակը նաեւ Միացյալ Նահանգներն ահաբեկչական հարձակումներից անվտանգ պահելն ու տնտեսական աճն ավելացնելն է.

՚՚Մեր առաջնահերթությունն ամերիկյան ժողովրդին պաշտպանելն է։ Եւ մեր առաջնահերթությունը հավաստիանալն է, որ մեր զինվորներն ունեն անհրաժեշտ զենքն ու հանդերձանքն իրենց աշխատանքը կատարելու համար՚՚։

Դեմոկրատների կողմից վերահսկվող կոնգրեսի բազմաթիվ անդամներ համաձայն չեն հազարավոր հավելյալ զինվորների Իրաք ուղարկելու նախագահի ծրագրին։ Նախագահ Բուշն ասում է, թե կարեւոր է, որպեսզի կոնգրեսը հաստատի Իրաքում ամերիկյան ռազմական ծախսերի ֆինանսավորումը։

Սակայն նախագահն ավելացրել է, որ իր բյուջեի նախագիծը չի արտացոլում Իրաքում Միացյալ Նահանգների ներգրավվածությանը վերջ դնելու որեւէ վերջնացույց.

՚՚Այդ խնդրում չի լինի վերջնացույց։ Դրա պատճառն այն է, որ չենք ցանկանում խառն ազդանշան հղել մի թշնամու, դեռեւս անկայուն երկրի, կամ էլ մեր զինվորներին՚՚։

Սակայն պարոն Բուշին դժվարին պայքար է սպասվում կոնգրեսում՝ իր ներկայացրած բյուջեի նախագծի հաստատման խնդրում։ Կոնգրեսի դեմոկրատ ղեկավարները հստակեցրել են, որ տարբեր տեսակետ ունեն ծախսումների ու եկամտահարկերի հարցերում։

Նախագահը հետամուտ է վերացնելու, կամ խիստ կրճատելու պետական 141 ծրագիր, հաջորդ հինգ տարում 12 միլիարդ դոլար գումար խնայելու համար։ Պարոն Բուշը նախորդ տարիներին առաջարկել է այդ կարգի բազմաթիվ կրճատումներ բյուջեյում, սակայն կրճատումները վերականգնվել են կոնգրեսի կողմից։

XS
SM
MD
LG