Մատչելի հղումներ

Ամերիկացի քվեատուները Իրաքի պատերազմի քաղաքականության փոփոխության պատգամ են հղել


Միացյալ նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հրաժարականը արձագանքում է Իրաքի քաղաքականությունում փոփոխություններ կատարելու՝ հաղթանակած դեմոկրատ կոնգրեսականների կոչերին։ Ենթադրվում է, որ Իրաքի պատերազմի առնչությամբ մտահոգությունները դեմոկրատների օգտին քվեարկելու բազմաթիվ ամերիկացիների որոշման հիմնական դրդապատճառն էին։

Ընտրությունների վերաբերյալ հարցախույզները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 1Օ-ը քվեարկուներից 6-ը դեմ են Իրաքի պատերազմին եւ շատեր իրենց ձայնը տվել են դեմոկրատների օգտին, որովհետեւ նրանք խոստանում են փոխել Իրաքի քաղաքականությունը։

Կոնգրեսական Նենսի Փելոսին եւս իր ելույթում հաստատել է այդ.

՛՛Ամերիկացիները հստակորեն հայտարարել են, որ նոր ուղղություն են ցանկանում Իրաքի պատերազմի հարցում։ Մենք պետք է աշխատենք նախագահի հետ միասին։ Մենք գիտենք, որ պատերազմի շարունակումը ԱՄՆ-ին ավելի ապահով չի՛ դարձնում, չի՛ հարգում զորքերի նկատմամբ մեր հանձնառությունները, եւ կայունություն չի՛ բերում տարածաշրջանին՝՝։

Նախագահ Բուշը չնայած խոստացել է Իրաքի հարցում աշխատել դեմոկրատների հետ, այդուհանդերձ նշել է, որ դա կանի հնարավորության սահմաններում.

՛՛Մարդիկ պետք է հասկանան ձախողման հետեւանքները։ Ես խոստացել եմ երբեք չձախողվել։ Առանց մեր գործը ավարտելու մենք Իրաքից չենք հեռանա։ Իսկ անելիքներ դեռ շատ կան եւ անշուշտ մենք կաշխատենք Կոնգրեսի որոշ անդամների հետ միասին։

Սակայն դեռեւս հստակ չէ, թե դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսում ի՞նչ ազդեցություն կգործի Իրաքի քաղաքականության վրա։ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Դենիս Ջոնսոնի կարծիքով արտաքին քաղաքականության հարցերը որոշողը ընդհանրապես երկրի նախագահն է.

՛՛Կոնգրեսը քննարկում է առկա խնդիրները, սակայն չի սիրում լուծել դրանք, հատկապես, երբ հարցը վերաբերվում է արտաքին քաղաքականությանը։ Անձամբ ես, արտաքին քաղաքականության հարցերում նախընտրում եմ համաձայնվել բազմիցս քննադատված նախագահի հետ, քան թե երկրի նոր Կոնգրեսի հետ՝՝։

Ակնկալվում է, որ առաջիկա մի քանի շաբաթներին երկկուսակցական մի հանձնախումբ, երբեմնի արտգործնախարար Ջեյմզ Բեյքըրի եւ երբեմնի կոնգրեսական Լի Համիլթոնի ղեկավարությամբ, Իրաքի հարցերով մի ծրագիր կներկայացնի, որին թերեւս կհետեւեն թե՛ վարչակազմի եւ թե՛ Կոնգրեսի անդամները։ Իսկ մինչ այդ, Բաղդադում Իրաքի ժողովուրդը ծանոթանում է ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատների տարած հաղթանակի լուրերին եւ ոմանք հույս ունեն, որ նոր Կոնգրեսի աշխատանքը կնպաստի Իրաքի անվտանգության բարելավմանը։

XS
SM
MD
LG