Մատչելի հղումներ

Ներգաղթն ու առողջապահությունը


Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Պալատի որոշ թվով անդամներ աջակցում են մի օրինագծի, որի համաձայն կարգելվի ապօրինի ներգաղթածներին տրամադրել սոցիալական ծառայություններ՝ այդ թվում բժշկական խնամք։

Համիդ Յագուբը վերջերս է եկել Միացյալ Նահանգներ, պատերազմից ավերված Սուդանից.

՚՚Ցանկանում եմ աշխատել եւ ապրել այստեղ, ու աշխատանք ստանալ՚՚։

Գաղթականների վերաբնակեցման ծրագրի համաձայն, նա հիմնովին ենթարկվում է բժշկական ստուգման։ Բժիշկ Սաբա Կուլաթունգան ասում է, թե ներգաղթողները պետք է ենթարկվեն բժշկական ստուգման, իրենց իրավական կարգավիճակից անկախ.

՚՚Ես չեմ արդարացնում նրանց մուտքն այս երկիր, սակայն երբ արդեն այստեղ են, նրանց պետք է թույլատրել ստանալու բժշկական ստուգում եւ բուժում՚՚։

Սակայն Միացյալ Նահանգների կոնգրեսում քննարկվում է ներգաղթի օրենքները բարեփոխելու շուրջ մի օրինագիծ, որի համաձայն հանցանք է համարվելու ապօրինաբար ներգաղթածներին բժշկական խնամք կամ սոցիալական այլ ծառայություններ տրամադրելը։ Կոնգրեսական Թոմ Տանկրեդոն ապօրինաբար ներգաղթելը քրեական հանցագործություն համարելու կողմնակիցներից է.

՚՚Այդ անձանց սոցիալական ծառայություններ մերժելն անհրաժեշտ է, որպեսզի վերջ տրվի նրանց այս երկիր ձգող ազդեցությանը, որ ունեն առողջապահությունը, դպրոցական անվճար ուսուցումը։ Այս ամբողջը կարծես մագնիս լինի, որը մարդկանց ձգում է այս երկիր եւ ես փորձում եմ ապամագնիսացնել այն՚՚։

Սակայն Բալթիմոր քաղաքի Հասարակական առողջապահության ղեկավար Ջոշուա Շարֆսթինն ասում է, թե հիվանդներին բժշկական խնամքը մերժելը խախտում է բժիշկների երդումը, որը նաեւ վատ քաղաքականություն է.

՚՚Եթե մեկը հիվանդ է թոքախտով եւ երկյուղում է գալ հասարակական առողջապահական կլինիկա, քանի որ երկյուղում է բռնի հայրենադարձվելուց, իսկ այնուհետեւ հիվանդությունը փոխանցում է հարյուրավոր այլ անձանց, ապա դրանից, անշուշտ, տուժում ենք բոլորս՚՚։

Մինչ կոնգրեսական Տանկրեդոն ասում է, թե օրինագծում կմտցվեն շտապ օգնության խնամքը թույլատրող կետեր, բժիշկ Շարֆսթինն ու հասարակական առողջապահության բազմաթիվ այլ պաշտոնատարներ մնում են թերահավատ։

Նրանք օրենսդիրներին նախազգուշացնում են, որ ներգաղթի օրենքները բարեփոխելու որեւէ փորձ չպետք է վտանգի հասարակական առողջապահությունը։

XS
SM
MD
LG