Մատչելի հղումներ

Առկա է երկյուղ, որ Իրաքը թերեւս կմխրճվի  քաղաքացիական պատերազմի մեջ


Իրաքում հատվածախմբերի կողմից շարունակվող բռնարարքները հարուցել են երկյուղ, որ երկիրը թերեւս կմխրճվի քաղաքացիական պատերազմի մեջ, ինչպես տեղի ունեցավ նախկին Հարավսլավիայում, կամ Սոմալիում։

1980-ական եւ 1990-ական թվականներին Սալվադորում, նախկին Հարավսլավիայում, Սոմալիում տեղի ունեցան քաղաքացիական դաժան պատերազմներ։ Այդ հակամարտություններից յուրաքանչյուրն ուներ քաղաքացիական պատերազմներին հատուկ որոշ նմանություններ, որոնցից էին գաղափարախոսական տարբերությունները, ազգային եւ կրոնական բաժանումները, տնտեսության վերահսկողության համար պայքարը։

Սակայն չկա որեւէ չափանմուշ, թե ինչն է հարուցում քաղաքացիական պատերազմ։ Պատերազմի հարցերով համերկրային կոլեջի դասախոս Մարկ Քլոդֆելթերը դա սահմանում է հետեւյալ կերպ.

՚՚Քաղաքացիական պատերազմը որեւէ երկրի ռազմական ներքին հակամարտություն է, որի դեպքում կազմակերպված հատվածախմբերը կռվում են միմյանց դեմ։ Հատվածախմբերից մեկը կառավարությունն ու դրա հետ կապված զինուժերն են։ Թե՛ այդ զինուժերը, եւ թե՛ դրա դեմ մարտնչող ընդդիմությունն ունենում են քաղաքական նպատակներ, որոնց մասին հայտարարում են հրապարակայնորեն՚՚։

1860-ական թվականներին Ամերիկայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը համապատասխանում է դասական սահմանմանը, երբ Հյուսիսի եւ Հարավի բանակների միջեւ արյունալի հակամարտության հետեւանքով զոհվեց 600 հազարից ավելի մարտիկ։ Ժամանակակից հակամարտությունները դժվար է սահմանելը։ Պարոն Քլոդֆելթերն ավելացնում է.

՚՚Քաղաքացիական պատերազմի համար չկա որոշակի չափանմուշ։ Օրինակ, այնպիսի հակամարտություններում, ինչպես օրինակ, 1991 թվականին եւ դրանից հետո Սոմալիում էր, չկար կազմավորված կառավարություն, սակայն աշխարհի երկրներն ասում էին, որ Սոմալիում քաղաքացիական պատերազմ էր՚՚։

Իրաքում շարունակվող հատվածախմբական բռնարարքները վերստին բարձրացրել են այն հարցը, թե ո՞ր գործոններն են հանգեցնում քաղաքացիական պատերազմի։ Անցած փետրվարին շիաների սուրբ մզկիթներից մեկի ռմբահարումը հանգեցրեց Իրաքի սուննիների եւ շիաների միջեւ փոխվրեժային սպանությունների։

Այս բռնարարքները, որոնք կատարվում են երկրի ու Միացյալ Նահանգների զինուժերի դեմ ապստամբների մարտերի ընթացքում, երկյուղ է հարուցել, որ Իրաքը թերեւս մխրճվում է քաղաքացիական պատերազմի մեջ։ Նախագահ Ջորջ Բուշն այդ առնչութամբ երկյուղը նվազեցրել է վերջերս տեղի ունեցած մամլո ասուլիսներից մեկի ժամանակ.

՚՚Բոլորս էլ ընդունում ենք, որ առկա են հատվածախմբերի կողմից կատարվող բռնարարքներ։ Սակայն կարծում եմ, կացությունն այնպիսին է, որ իրաքցիները չեն ցանկանում սկսել քաղաքացիական պատերազմ։ Երկրի բանակը նույպես չի մխրճվել հատվածախմբական բաժանումների մեջ։ Բանակը միասնական է՚՚։

Սակայն մարդկանց առեւանգումներն ու սպանությունները շարունակվում են։ Բազմաթիվ սուննիների սպանության մեջ մեղադրվում են շիա աշխարհազորայինները։ Պատերազմի հարցերով համերկրային կոլեջի դասախոս Մարկ Քլոդֆելթերն ասում է, թե որեւէ երկրում աշխարհազորայինների հզորացումը երբեմն կարող է լինել վերահաս պատերազմի նշան։ Այս մասին պարոն Քլոդֆելթերն ասում է.

՚՚Անշուշտ, դա կարող է նշան լինել թե առկա է մեխանիզմ հակամարտությունը սկսելու համար, որը կարող է վերաճել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի։ Կարծում եմ, աշխարհազորայինների հզորանալը կարող է լինել նախազգուշացնող նշան հատկապես իշխանության գտնվող որեւէ կառավարության համար, որը կցանկանա արձագանքել դրան՚՚։

Սակայն բռնարարքային գործողությունները ճնշելը խոչընդոտվում է, մինչ ազգային միասնական կառավարություն ստեղծելու նպատակով շիաների, սուննիների եւ քրդերի միջեւ բանակցությունները մինչեւ այժմ մտել են փակուղի, որն է՛լ ավելի է անկայունացնում կացությունը։

Մերձավոր արեւելքի ինստիտուտի աշխատակից եւ Իրաքի հարցերով փորձագետ Լուեյ Բահրին նախազգուշացնում է, որ միասնական կառավարության բացակայութունը կարող է հարուցել քաղաքացիական պատերազմ.

՚՚ Իրաքի ինքնության զգացողությունն այժմ չափազանց թույլ է իրաքցիների շրջանում։ Պետական հաստատություններն այսչափ թուլանալու հետեւանքով մարդիկ կարծես կորցնում են իրենց ազգային ինքնության զգացումը ու ետ են քաշվում դեպի իրենց հատվածախմբական, ցեղային, ընտանեկան եւ կլանային կապերը՚՚։

Իրաքը թերեւս կկարողանա խուսափել Սոմալիի եւ նախկին Հարավսլավիայի ճակատագրից, սակայն որոշ թվով անձինք նկատում են այդ երկրում քաղաքացիական պատերազմի ուրվականը։

XS
SM
MD
LG