Մատչելի հղումներ

Ճապոնական ծագմամբ ամերիկացիների համակենտրոնացման ճամբարները


Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միացյալ Նահանգներում 120 հազար ճապոնացիներ երեք տարով բանտարկվել են հատուկ ճամբարներում։

Սրանք Յուտայի նահանգի Դելտա քաղաքի արվարձաններից մեկում ճապոնացիների ՚՚Տոպազ՚՚ ճամբարի մնացորդներն են, ուր նրանք բանտարկվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գրեյս Օշիտան դեռահաս տարիքում ապրել է այս ճամբարում։

՚՚Տարօրինակ էր, սակայն երբ հասանք ՚՚Տոպազ՚՚, տղաների սկաուտական մի խումբ խոշոր դրոշով, թմբուկով եւ շեփորահարների մի կորպուս ողջունեցին մեզ։ Դրոշի վրա գրված էր ՛՛Բարի գալուստ ՚՚Տոպազ՚՚ , անապատի գոհար՚՚։

Ճապոնիան 1941 թվականի դեկտեմբերի յոթին ռմբակոծեց Հավայան կղզիներում գտնվող Փըրլ Հարբորի ամերիկյան զինուժը։ Միացյալ Նահանգներում ապրող ճապոնական ծագմամբ անձինք անակնկալորեն համարվեցին երկրի անվտանգության համար վտանգավոր։ Ճամբարներ ուղարկվող այդ մարդկանց երկու երրորդն ամերիկյան քաղաքացիներ էին, որոնց թվում էր Գրեյսը։

՚՚Մենք նույնիսկ չգիտեինք, թե արդյոք կարո՞ղ էինք մնալ երկրում՚՚։

Ճամբարներ ուղարկվող անձանց տրվեց մի քանի շաբաթ ժամանակ, ովքեր հարկադրված էին վաճառելու իրենց ունեցվածքը։ Գրեյսը ճամբար գնաց իր խորթ մոր եւ տատի հետ, որոնց մեկ տարի անց մեկ այլ ճամբարից միացավ նրա հայրը։ Ճամբարներում փոստը ենթարկում էր գրաքննության։ Գրեյսն ապրում էր մարդկանցով լեփ-լեցուն բարաքում։ Շենքը զուրկ էր հոսող ջրից։

Չնայած զրկանքներին, բնակիչները ՚՚Տոպազ՚՚-ը դարձրեցին ծաղկուն համայնք։ Նրանք մասնակցում էին երաժշտական ու մարզական միջոցառումների, միանում էին եղեկեցական խմբերին եւ հաճախում էին դպրոց։ Չնայած առկա էին հսկիչ աշտարակներ, անվտանգությունը նվազագույն էր։ Գրեյսը վերհիշում է, որ իրեն նույնիսկ թույլ էին տալիս գնալ քաղաք գնումների։

՚՚Մեզ հետ դաժանորեն չէին վարվում։ Մարդիկ չափազանց բարի էին՚՚։

Ջեյն Բեքվիթը Դելտայում միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է։ Նա ցանկանում է պահպանել նախկին ճամբարի տեղը։ Նա բարաքներից մեկը դարձրել է թանգարան.

՚՚Մենք ժողովրդավարական երկիր ենք, սակայն կալանավորել ենք 120 հազար անձանց, ովքեր չեն դավաճանել այս երկրին՚՚։

՚՚Տոպազ՚՚-ը փակվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Միացյալ Նահանգների կառավարությունը 40 տարի անց ներողություն խնդրեց ճամբարներում բանտարկված անձանցից եւ գոյատեւածներից յուրաքանչյուրին վճարեց քսան հազար դոլար։ Գրեյսն ասում է, թե մինչեւ այժմ զայրացած եւ տխուր է ՚՚Տոպազ՚՚-ում ունեցած փորձառության համար։

՚՚Մենք Միացյալ Նահանգներում ծնված քաղաքացիներ էինք, սակայն մեզ հետ այլ կերպ էին վարվում։ Բայց պատերազմի տարիներ էին, եւ մենք էլ ճապոնական արյուն ունենք, ի՞նչ կարող ենք անել՚՚։

XS
SM
MD
LG