Մատչելի հղումներ

Աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած յոթ երկրներն ու Ռուսաստանը...


Շոտլանդիայում կայանալիք վեհաժողովում աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած յոթ երկրների ու Ռուսաստանի ղեկավարները կկենտրոնանան շրջակա միջավայրի պաշտպանության եւ աշխարհի ամենաաղքատ երկրների խնդիրների վրա։

Գլազգոյի մերձակայքում կայանալիք աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած ութ երկրների ղեկավարների երկօրյա հանդիպման օրակարգում կդրվեն կլիմայի փոխվելու եւ Աֆրիկային մտահոգող խնդիրները։ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը խոստանում է կրկնապատկել Աֆրիկայի ամենաաղքատ երկրներին ԱՄՆ-ի օգնությունը եւ մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դոլար հատկացնել մալարիայից մահացությունների թիվը նվազեցնելու համար։

՚՚Ես աշխարհի արդյունաբերապես զարգացած երկրներին եւ մասնավոր հիմնադրամներին կհորդորեի միանալ Աֆրիկայում մալարիայից մահացությունների թիվը հիսուն տոկոսով նվազեցնելու արշավին՚՚։

Այս նախաձեռնությամբ սկզբում փորձ կարվի հիվանդությունը վերացնելու Տանզանիայում, Ուգանդայում եւ Անգոլայում։ Նախագահ Բուշն ասում է, թե աշխարհի երկրների շահերից է բխում հիվանդություններից զերծ եւ բարգավաճ Աֆրիկյան մայրցամաք ունենալը։

՚՚Ծայրահեղ աղքատությունը հաղթահարելը պահանջում է գործակցություն, եւ ոչ թե հայրական հոգածություն։ Մենք տնտեսական զարգացում չենք ապահովում երկրների համար, նրանք դրան հասնում են մեզ հետ համատեղ՚՚։

Աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած ութ երկրների միջեւ համաձայնություն է առկա ծայրահեղ աղքատությունը նվազեցնելու անհրաժեշտության շուրջ։ Սակայն Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլէըրն ասում է, թե ավելի դժվար է համաձայնության հանգելը համաշխարհային ջերմացման խնդրի շուրջ։

Միացյալ Նահանգները համաձայն չէ աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած մյուս երկրների հետ, որոնք այն կարծիքին են, թե կլիման ավելի է ջեմանում։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հադլին բացատրում է այս խնդրի առնչությամբ նախագահի դիրքորոշումը։

՚՚Նախագահի համար առկա են շրջակա միջավայրն աղտոտվելու, կլիմայի փոփոխության եւ աղքատության խնդիրներ։ Մենք չենք կարող մեծ թվով անձանց աշխարհում գամել աղքատության, հանուն շրջակա միջավայրի պաշտպանության՚՚։

Աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած երկրներն ասում են, թե առանց ԱՄՆ-ի ներգրավվածության լուծում չի կարող լինել համաշխարհային ջերմացման խնդրին։

XS
SM
MD
LG