Դեմոկրատ օրենսդիրները քննադատում են, նրանց խոսքով, Թրամփի վարչակազմի «ծայրահեղ» քայլերը՝ վերաձևել ԱՄՆ կառավարական մարմինները, և խոստանում են ընդդիմանալ փոփոխություններին՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում փոքրամասնություն են: Հանրապետականները, սակայն, պաշտպանում են այդ քայլերը՝ նշելով, թե կեղծիքներին ու վատնումներին վերջ տալու փորձերը դեռ ուշացած են
Դեմոկրատ օրենսդիրներն արդեն երկրորդ շաբաթն է սուր քննադատության են ենթարկում նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ կառավարությունը վերաձևելու ծրագիրը: Չնայած ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ փոքրամասնություն են, սակայն դեմոկրատները խոստանում են պայքարել, ինչպես իրենք են ասում, Թրամփի վարչակազմի «ծայրահեղ» քայլերի դեմ՝ ուղղված պետական գերատեսչությունները փակելուն և դաշնային աշխատողներին աշխատանքից ազատելուն:
«Եթե ցանկանում եք կրճատումներ անել, ապա պետք է անել Կոնգրեսում բանավեճի միջոցով, ոչ թե անօրինական կերպով՝ պարզապես դրանք իրականացնելով: Մենք ցանկանում ենք, որ անարդյունավետ ծախսեր չլինեն, բայց նրանք վերացնում են այն հատվածը, որը կհարվածի միլիոնավոր ամերիկացի ընտանիքներին»,- ասել է Սենատի փոքրամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը:
Հանրապետականները պաշտպանում են միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության նախարարության՝ DOGE-ի գործունեությունը, նշելով, թե խարդախություններին ու վատնումներին վերջ տալու փորձերը դեռ ուշացած են:
«Դեմոկրատական կուսակցության զայրույթի պատճառն այն է, որ նրանք մեծամասնություն չունեն Կոնգրեսում, և նրանց թեկնածուն Սպիտակ տանը չէ: DOGE-ն արդարացիորեն բացում է տարիներ շարունակ փակված վարագույրները, և այն վրդովմունքը, որը մենք տեսնում ենք միջանցքներում, շփոթեցնող է, բայց զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե հարկատուների դոլարների վատ տնօրինման մասին [ի հայտ եկած] արձանագրությունը»,- նշել է հանրապետական կոնգրեսական Թոմ Էմմերը:
Դեմոկրատները խոստանում են պայքարել կառավարական գերատեսչությունների պաշտպանության համար և կողմ չլինել պետբյուջեի վերաբերյալ առաջիկայում սպասվող քվերակության ժամանակ:
«Հանրապետականներին օգնելու շատ քիչ ցանկություն կա, քանզի վստահ չենք, որ [նախագահ] Դոնալդ Թրամփը մտադիր է ծախսել մեր հատկացրած ռեսուրսները՝ կրթության, առողջապահության, մեր պաշտպանության վրա, իսկ Իլոն Մասկը և նրա չընտրված ընկերները ցնցում են դաշնային համակարգը»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Փիթ Ագիլարը:
Դեմոկրատները որոշակի հաջողություններ են գրանցել՝ ժամանակավորապես դադարեցնելով Թրամփի գործադիր հրամանագրերի իրագործումը ԱՄՆ դատական համակարգի միջոցով։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում դիտորդներից մեկը կարծիք է հայտնել, թե Սպիտակ տան նկատմամբ ազդեցիկ ճնշում գործադրելու համար ժամանակ է հարկավոր:
«Դեռ չենք տեսել ժողովրդական համախմբում, բայց դա Վաշինգտոնում իշխանություն ունենալու ամենից կարևոր անուղղակի լծակն է: Ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ ուղերձերն արձագանք գտնեն ամերիկյան ժողովրդի շրջանում, որպեսզի նրանք համակարգեն իրենց քայլերը միմյանց հետ, որպեսզի բավարար քանակությամբ ձայներ դառնան և հասնեն Կոնգրեսի անդամներին կամ բավարար թվով անդամներին»,- ասել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի օրենսդրական հարցերի ծրագրի տնօրեն Քեյսի Բուրգաթը:
Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը երեքշաբթի հիշեցրել է՝ Դեմոկրատական կուսակցության իշխանությունը սահմանափակ է:
«Կուսակցությունը չունի առաջնորդ: Նրանք հստակ տեսլական չունեն։ Իրենց տեղը գտնելու ակնկալիքով նրանք կառչում են այս գաղափարին, որը կոչվում է օրենքի գերակայություն: Մենք կցանկանայինք ողջունել նրանց հայեցակարգը: Հիացմունքի արժանի կլիներ, եթե նրանք նախորդ չորս տարիները չանցկացնեին իրենց գլուխները թաղած ավազի մեջ, մինչդեռ [նախկին նախագահ Ջո] Բայդենը բառացիորեն ոտնահարում էր օրենքի գերակայությունը՝ առանց որևէ խնդրի»,- ասել է խոսնակ Ջոնսոնը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման կամ պետբյուջեի շուրջ ձեռքբերված կարճաժամկետ համաձայնագրի ժամկետը լրանում է այս մարտի 14-ին: