Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, որի շրջանակներում կմասնակցի Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Բացի այդ, ըստ վարչապետի լրատվականի նախատեսված են մի շարք այլ հանդիպումներ։
Հայաստանի վարչապետի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում ընթացող գործընթացներին:, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ երկրի իշխաննոււթյւոնների քայլերին:
Իր խոսքում Փաշինյանն ընդգծել է, որ «Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակ և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել:»
Այդ ընթացքում Վաշինգտոնի Հայաստանի դեսպանատան առջև ամերիկահայ երիտասարդների մի փոքր խումբ անցկացրել է բողոքի ակցիա՝ Հայաստանի վարչապետին դիմավորելով «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են», «Արցախին դավաճանել են» գրությամբ պաստառներով:
Բացի այդ, փետրվարի 3-ին Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանի հետ: Վարչապետի լրատվականի հաղորդմամբ, այդ նույն օրը վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել «Nahigian Strategies» կազմակերպության նախագահ Քիթ Նահիգյանի, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ:
Օրվա վերջում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «Save Armenia» նախաձեռնության կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի:
Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին և այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում:
Իր խոսքում Հայաստանի վարչապետն ընդգծել է. «Մենք ապավինում ենք մեր բարեկամներին, «Save Armenia» կազմակերպության մեր ընկերներին։ Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ արվել է մինչ օրս, և հույս ունենք ձեր աջակցությունը շարունակական կլինի և դուք ավելի ու ավելի կկենտրոնանաք, մասնավորապես, խաղաղության օրակարգին աջակցելու վրա: Հույս ունենք, որ մեր խաղաղության օրակարգը կդառնա նաև ձեր օրակարգը, ինչը կարծում եմ` կծառայի գլոբալ բարգավաճմանը, ժողովրդավարության գլոբալ հաղթանակին, ազատությանն ու երջանկությանը»:
Ընդունելությանը մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ, նշված է Հայաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: