Մատչելի հղումներ

Թրամփն իր կողմից օրենքի ոտնահարման մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում


Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր դեմ իրականացնում են քաղաքական հետապնդում: Նախորդ օրը Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել էր Մար-ա-Լագոյում նրա առանձնատունը:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի կալվածքում՝ Մար-ա-Լագոյի առանձնատանն իրականացված խուզարկությունից հետո նախկին նախագահը փորձում է իրեն ներկայացնել որպես դեմոկրատների կողմից վհուկների քաղաքական որսի զոհ:

«Նրանք տեսնում են, որ իմ հավանությանն արժանացած թեկնածուները մեծ հաղթանակներ են տանում և տեսնում են իմ գերակայությունը բոլոր հարցումներում: Այդ պատճառով էլ փորձում են այս եղանակով կանգնեցնել Հանրապետական կուսակցությանն ու ինձ», - ասել է Թրամփը:

Ի դեպ, խուզարկությունը, որն իրականացվել է դաշնային դատավորի կողմից ստորագրված արտանագրի հիմնա վրա, նախապես չի համաձայնեցվել Սպիտակ տան հետ: Նախագահ Ջո Բայդենն էլ այդ մասին իմացել է մամուլի հաղորդագրություններից:

Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան Պիեռը հիշեցրել է, որ Բայդենը նախքան նախագահ ընտրվելը և իր պաշտոնավարման ողջ ընթացքում շատ պարզ է արտահայտվել այն մասին, որ Արդարադատության նախարարությունն իր հետաքննությունն իրականացնում է անկախ: ‘’Նա հավատում է օրենքի գերակայությանը’’, ասել է մամլո քարտուղարը։

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի Քաղաքական կառավարման ծրագրի տնօրեն Թոդ Բելթը Skype-ի միջոցով ասել է «Սա քաղաքական խաղ համարելը հեշտ է, քանի որ Բայդենի վարչակազմը փորձում է շեղել Դոնալդ Թրամփի պոտենցիալ նախագահական առաջադրումը և քարոզարշավը: Բայց 1978 թվականին ընդունված օրենք կա, որը կոչվում է «Նախագահական գրառումների մասին ակտ»: Ըստ այդ օրենքի, նախագահի կողմից օգտագործված բոլոր նյութերը պիտի փոխանցվեն Ազգային արխիվ: Այս նախկին նախագահը՝ Թրամփը, չի ենթարկվել այդ օրենքին»։

Այս տարվա սկզբին Ազգային արխիվը տեղեկացրել էր Կոնգրեսին, որ Մար-ա-Լագոյից հայտնաբերել է Սպիտակ տան փաստաթղթերի 15 տուփ, այդ թվում՝ գաղտնի նյութեր:

Թրամփը շարունակում է այդ ժամանակահատվածն օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու նպատակով` պատրաստվելով մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին:

Եվ կարճաժամկետ հեռանկարում հետաքննությունը կարող է նրա քաղաքական ճակատագրի վրա ունենալ դրական ազդեցություն: Ինչպես Թեքսասի համալսարանից Շենոն Բոու Օ'Բրայենն է Skype-ի միջոցով տված հարցազրույցում ասում, «Դա կարճ ժամանակով կօգնի դրամահավաքներին: Սակայն երկարաժամկետ հեռանկարում այս հարցը չի փակվի: Խոսքն այնպիսի փաստի մասին է, որը կտանի դեպի քրեական հետապնդում’’, ասում է նա:

Թրամփի դեմ, բացի նախագահական փաստաթղթերն իր տանը պահելու մեղադրանքներից, կան այլ մեղադրանքներ եւս: Հիշենք 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը խրախուսելու և 2020 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված անօրինական գործարքների մասին մեղադրանքները:

XS
SM
MD
LG