Մատչելի հղումներ

Պուտինն առաջարկել է փոխել Սահմանադրությունը


Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում առաջարկել է փոխել երկրի Սահմանադրությունը

Պետական Դումայի դերի մեծացում

Նրա առաջարկով խորհրդարանը պետք է իրավունք ունենա հաստատելու կառավարության ղեկավարի, նրա տեղակալների, ինչպես նաև՝ դաշնային նախարարների թեկնածությունները: Նախագահին է տրվում առաջարկվող թեկնածուներին հաստատելու գործառույթն՝ առանց նրանց մերժելու իրավունքի: Պուտինը շեշտել է, որ պետության ղեկավարը հնարավորություն կունենա վստահությունը կորցնելու դեպքում հեռացնել վարչապետին և այլ պաշտոնատար անձանց: Նախագահը նաև իրավունք կունենա ղեկավարելու զինված ուժերը, բայց ստիպված կլինի նշանակել իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Դաշնային խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո:

Այսօրվա Սահմանադրությամբ Պետդուման նախագահին տալիս է միայն իր համաձայնությունը վարչապետի թեկնածության հարցում և նախագահը չի մասնակցում կառավարության ձևավորմանը:

Կառավարման երկու անընդմեջ ժամկետներ

Պուտինը առաջարկել է քննարկել «անընդմեջ» սահմանադրական դրույթը Ռուսաստանի նախագահ ընտրելու հարցում: Ըստ պետության ղեկավարի ՝ նա չի համարում դա հիմնարար փոփոխություն, չնայած այն հանգամանքին, որ հիմնական օրենքում այդ դրույթն էր, որը նրան թույլ տվեց վերստին ստանձնել նախագահությունը 2012 թվականին 2000-2008թթ. ժամկետներից հետո:

Օտարերկրյա քաղաքացիության արգելում և այլ սահմանափակումներ

Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինն առաջարկեց Սահմանադրությամբ սահմանել առնվազն 25 տարի Ռուսաստանում բնակվելու մասին նախագահի թեկնածուին ուղղված պահանջը: Թեկնածուն նաև չպետք է ունենա օտարերկրյա քաղաքացիություն կամ այլ երկրում կացության իրավունք ոչ միայն ընտրություններին մասնակցելու պահին, այլ ընդհանրապես երբևէ, ասել է Պուտինը:

Պաշտոնյաները և կացության իրավունքը

Համացանցում լայնորեն շրջանառվում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ ցուցակներ, որոնք, ենթադրաբար ունեն արտասահմանյան քաղաքացիություն կամ կացության իրավունք: Այս ցուցակներում ընդգրկված են կառավարության անդամներ, նախարարների տեղակալներ, օրենսդիրներ և նահանգապետեր: Այդ տվյալները չեն հաստատվում և ներկայացված են առանց սկզբնաղբյուրների:

Ինչպես նշում է նախագահը, օտարերկրյա քաղաքացիությունը և արտերկրում կացության իրավունքը չպետք է հասանելի լինի բոլոր նրանց, ովքեր «կարևոր պաշտոններ են զբաղեցնում երկրի անվտանգության, ինքնիշխանության ապահովման ոլորտներում»: Խոսքը գնում է նահանգապետերի, Դաշնային խորհրդի անդամների, Պետդումայի պատգամավորների, կառավարության ղեկավարի, նրա տեղակալների, դաշնային նախարարների, դաշնային մարմինների ղեկավարների և դատավորների մասին:

Պետական խորհրդի լիազորություններ

Պուտինը առաջարկում է նաև Սահմանադրության մեջ ներառել Պետական խորհրդի լիազորությունները: Խոսքը դաշնային սուբյեկտների ղեկավարներին միավորող պետական մարմնի մասին է: Միևնույն ժամանակ նախագահը չի հստակեցրել, թե ինչ սահմանադրական լիազորություններ է նախատեսվում Պետական խորհրդին: Այս մարմինը, որպես կանոն, տարին մեկ անգամ է հավաքվում և ունի միայն խորհրդատվական նշանակություն:

Միջազգային իրավունքի գերակայություն

Պուտինի մեկ այլ առաջարկով Ռուսաստանի Սահմանադրությունը պետք է գերակա դեր ունենա միջազգային իրավունքի նկատմամբ: Սա նշանակում է, որ միջազգային իրավունքի պահանջները, ինչպես նաև միջազգային մարմինների որոշումները կարող են գործել Ռուսաստանի տարածքում միայն այն չափով, որքանով դրանք չեն հակասում Սահմանադրությանը: Ըստ Պուտինի, դա կապահովի երկրի ինքնիշխանությունը:

Դատավորներին հեռացնելու իրավունքը` Դաշնային խորհրդին

Պուտինը առաջարկել է «Սահմանադրությամբ ամրագրել Դաշնային խորհրդի լիազորությունները, որոնք կներառեն Ռուսաստանի նախագահի առաջարկով Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին հեռացնելու իրավունքը:

«Քվեարկող քաղաքացիներ»

Սահմանադրական փոփոխությունների ամբողջ փաթեթի ընթացքում Վլադիմիր Պուտինը առաջարկեց անցկացնել քաղաքացիների քվեարկություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան արդեն հայտարարել է, որ ԿԸՀ-ը պատրաստ է ցանկացած պահի կազմակերպել քվեարկություն՝ հիմնարար օրենքում փոփոխություններ իրականացնելու համար:

Միևնույն ժամանակ, գործող Սահմանադրությամբ Պուտինի առաջարկած գրեթե բոլոր փոփոխությունները կարող են ընդունվել առանց ժողովրդական քվեարկության: Բացառություններ են միայն գերակայությունը միջազգային իրավունքի նկատմամբ և 15-րդ հոդվածի փոփոխությունը, որն այժմ սահմանում է միջազգային պայմանագրերի գերակայությունը: Մյուս փոփոխությունները կարող են ընդունվել խորհրդարանի կողմից:

Արձագանքներ

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, մեկնաբանելով Պուտինի` Դաշնային խորհրդին ուղղված ուղերձը, ասաց, որ նախագահի միակ նպատակն է իշխանությունում մնալը: Նավալնին նաև մեկնաբանել է նախագահի առաջարկությունը` սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկելու առումով: Ընդդիմության կարծիքով, ընտրողները չեն գնա այս հանրաքվեին: Այնպես որ այն կնմանվի մի խաբեության:

Սոցիալական լրատվամիջոցների օգտատերերը նաև մատնանշեցին հակասությունները Պուտինի առաջարկի մեջ ՝ ՌԴ նախագահի բնակության համար որպես պարտադիր պահանջ առնվազն 25 տարի սահմանելու հարցում: Ընտրություններից առաջ պետության ներկա ղեկավարը երկրում ապրել է ընդամենը 10 տարի: Դրանից առաջ նա 5 տարի ապրում էր Գերմանիայում, որտեղ պաշտոնապես գրանցված էր որպես Դրեզդենում գերմանա-խորհրդային բարեկամության պալատի աշխատակից, իսկ ոչ պաշտոնապես աշխատում էր հետախուզության համար:

Պուտինի կողմնակիցներն աջակցություն են հայտնում նախագահին: Մասնավորապես, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը թվիթերյան իր էջում տեղադրել է նախագահի գրեթե բոլոր հայտարարություններն այս առիթով, իսկ RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Պուտինի ելույթը որակել է 2Օ14 թվականից ի վեր, երբ բռնակցվեց Ղրիմի թերակղզին, ամենաազդեցիկը։

Life.ru- ի նախկին հրատարակիչ Արամ Գաբրելանովը Ռուսաստանի նախագահին համեմատում է «Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի» հետ և ավելացնում. «Հզոր է, իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչը»:

Սա Պուտինի 16-րդ ուղերձն էր Ռուսաստանի Դաշնային խորհրդին: Այս տարի նախագահը խոսեց ավելի քան մեկ ժամ: Ելույթը հեռարձակվում էր դաշնային ալիքներով, ինչպես նաև ցուցադրվում էր մոսկովյան շենքերի ճակատներում: Սոցցանցերի որոշ օգտատերեր այն համեմատեցին հակաուտոպիստական ֆիլմերի հետ:

Հիշեցնենք նաև, որ նախագահի ելույթին հաջորդեց վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարության հրաժարականը: Նախագահը շնորհակալություն հայտնեց կառավարությանը կատարած աշխատանքի համար և խնդրեց կառավարության անդամներին շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը:

Պուտինն ավելի ուշ հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում տեսնում է Ռուսաստանի հարկային ծառայության ղեկավար ՄԻխայիլ Միշուստինին, ում թեկնածությունը պետք է հատատի երկրի խորհրդարանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG