Մատչելի հղումներ

Հակոբ Արշակյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկվել է մի շարք ոլորտներում հայ- իտալական համագործակցության հնարավորությունները


Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների միջև արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցություն հաստատելու և ընդլայնելու ցանկությունը։

Դեսպան Վինչենցո դել Մոնակոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է ՀՀ նոր կառավարությանը, նշել, որ Հայաստանի և Իտալիայի միջև շատ դրական հարաբերություններ են հաստատված ոչ միայն տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում, այլև տնտեսության տարբեր ճյուղերում։ Նա ընդգծել է, որ կան բոլոր հնարավորությունները երկու բարեկամ պետությունների միջև գործակցությունն առաջիկայում էլ ավելի խորացնելու, համագործակցության շրջանակներն առավել ընդլայնելու համար։

Հակոբ Արշակյանը, ներկայացնելով հայկական ինժեներական կազմակերպությունների ներուժը, նախանշել է մի շարք ուղղություններ, որոնցում իրատեսական են իտալական ընկերությունների հետ հետագա գործակցության հնարավորությունները արհեստական բանականության, ռոբոտաշինության, առանց վարորդի թեստավորման, թվայնացման և մի շարք այլ ծրագրերում։

Նախարարն ընդգծել է, որ ի դեմս իտալական ընկերությունների՝ հայկական կողմը լավ գործընկեր է փնտրում և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ ներուժ է տեսնում։ Հակոբ Արշակյանն առաջարկել է բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար կազմակերպել հայ-իտալական գործարար համաժողով:

Դեսպանը նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Իտալիայում հետաքրքիր շատ նախագծեր կան. ակտիվ զարգանում են ստարտափները, իսկ տեխնոլոգիական ոլորտի փիլիսոփայությունը «Խելացի քաղաքն» է («smart city»): Դեսպանը նախարարին ներկայացրել է նաև Միլանի տեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ձևավորված գործակցությունը, տեղեկացրել, որ առաջիկա օրերին Միլանի համալսարանի պրոֆեսորներից մեկն այստեղ վարպետություն դաս կանցկացնի «Smart city» թեմայով՝ ներկայացնելով իտալական փորձը:

Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է իտալական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգված ներկայացնել համագործակցության ուղղությունները և մշակել քայլերի հերթականության ճանապարհային քարտեզ՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը ակտիվացնելու համար:

XS
SM
MD
LG