Մատչելի հղումներ

Խոսակցությունն անցել է իմ արած հրապարակային հայտարարությունների շրջանակներում. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է իր կողմից ավելի վաղ արված բոլոր հրապարակային հայտարարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասաց Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին, թե Դավոսում Ալիևի հետ հանդիպմանը խոսե՞լ է Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին:

«Այն հայտարարությունները, որոնք ես հրապարակային արել եմ, իհարկե, բոլոր հարցերը քննարկվել են մեր հանդիպման ընթացքում: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ես այդ բանակցություններում կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները Հայաստանում ընտրություններին չեն մասնակցում, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց խորհրդարանը և կառավարությունը: Հենց այս պատճառով ես չեմ կարող Լեռնային Ղարաբաղի անունից բանակցել: Սա բոլորին է հասկանալի»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ հասկանալի է, որ լրագրողների, քաղաքացիների համար հետաքրքիր է բոլոր մանրամասներով իմանալ, թե ինչի մասին են խոսել ինքն ու Ադրբեջանի նախագահը: «Բայց էթիկայի տեսանկյունից անընդունելի է, երբ դուրս են գալիս ու պատմում այն ամենի մասին, ինչ խոսել են: Բայց, ընդհանուր առմամբ, դուք բոլորդ գիտեք, թե ինչի մասին ենք մենք խոսել, որովհետև խոսակցությունն անցել է այն շրջանակներում, որոնք համապատասխանում են իմ հրապարակային հայտարարություններին»:

XS
SM
MD
LG