ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին: Ստորև ներկայացնում ենք ամբողջական գրառումը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարության կազմում ինձ վստահվել էր զբաղեցնել ֆինանսների նախարարի պաշտոնը, որին վերաբերվել եմ մեծ պատասխանատվությամբ:
Մեր թիմով նպատակադրվել էինք լուծել մեր երկրի համար մի շարք առանցքային խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին և դրանք պատվով հաղթահարել: Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ անել հնարավորը պետական ֆինանսների կառավարման ոլորտում դրական զարգացումներ գրանցելու համար` ի նպաստ մեր երկրի ապագայի:
Վայր եմ դնում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել մեր երկիրն առավել բարեկեցիկ ու տնտեսապես կայուն դարձնելու բարդ և պատասխանատու գործում:
Շնորհակալ եմ ՀՀ ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց օպերատիվ և անաչառ լուսաբանման համար: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել:
Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, տնտեսական կայունություն և զարգացման նոր հեռանկարներ, իսկ նոր կառավարությանը՝ հաջողություններ իր նախաձեռնություններում և ջանքերում: Միաժամանակ վստահեցնում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ կատարելու եմ նախարարի պաշտոնակատարի բոլոր գործառույթները մինչև նորանշանակ նախարարի կողմից սույն պաշտոնի ստանձնումը՝ սահուն անցումն ապահովելու համար:
Հարգանքով ՝
Վարդան Արամյան
Facebook Forum