Քաղաքական տարբեր կուսակցությունների որոշ անդամներ, որոնք մի քանի օր առաջ կողմ էին քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, հայտարարում են, որ զղջացել են դրա համար ու այսօր կանգնում են ժողովրդի կողքին։
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Անցած գիշեր, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեղարկվել են, ինչից հետո Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին: Այս պահին Երեւանի ու Հանրապետության տարբեր շրջաններից մայրաքաղաքի կենտրոնում են հավաքվում ցուցարարներ։
Ոստիկանությունը հայտարարում է, որ ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել որեւէ շարժման ու քաղաքական միավորների:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ակցիաների ընթացքում, նախնական տվյալների համաձայն, լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների 27 խախտում է արձանագրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ 10 օրերի ընթացքում լրագրողների նկատմամբ արձանագրվել է ֆիզիկական բռնության 16 դեպք: «Ես շնորհակալություն եմ հայտնում լրագրողներին, ովքեր այս դրամատիկ իրադարձությունների ֆոնին, հաճախ վտանգելով իրենց առողջությունը, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը տեղեկացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-ասել է նա:
·