Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը իջեցնում է հարկերը՝ ո՞վ կշահի


Իր նախագահության առաջին տարվա ընթացքում Դոնալդ Թրամփն իրական հաղթանակ է գրանցում.

«Մենք սկսում ենք իրական առաջընթացը եւ այս խթանի կարիքն ունենք»:

Թրամփին աջակցող հանրապետականները համամիտ են՝ ԱՄՆ-ում 8 տարի անընդմեջ շարունակվող տնտեսական աճն է՛լ ավելի կարագանա հարկերի իջեցման պայմաններում:

«Հարկային այս իջեցումը քնից կարթնացնի ամերիկյան տնտեսության հսկային», - նշում է հանրապետական սենատոր Ջոն Քորնինը:

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունն այլ պատկեր է նկարագրում:

«Հանրապետականների առաջարկած հարկերի իջեցման պատճառով կտուժի միջին խավը, աշխատավորները, կաճի մեր ազգային պարտքը՝ բեռ դառնալով մեր երեխաների եւ թոռների համար», - նշում է դեմոկրատ կոնգրեսական Մայք Թոմփսոնը:

Անցյալում հարկերն ԱՄՆ-ում իջեցվել էին 1980-ականներին, որին հետեւել էր տնտեսական աճը: Սակայն, տնտեսությունն է՛լ ավելի աճեց 1990-ին՝ չնայած հարկերի բարձրացմանը: 2001-ի եւ 2003-ի հարկերի իջեցումները նույնպես տնտեսական աճով են զուգակցվել, սակայն, դրան հետեւել էր ծանր տնտեսական անկում: Հանրապետականները համոզված են՝ հարկային բեռի կրճատումն անհրաժեշտ է ամերիկացիներին.

«Շահելու են բոլորը, առաջին հերթին միջին խավը, որի համար նոր աշխատատեղեր են ստեղծվելու», - ընդգծում է նախագահ Թրամփը:

Դեմոկրատների կարծիքով՝ հարկային բեռը թեթեւանալու է առաջին հերթին առանց այն էլ հարուստների համար, իսկ աղքատներին մնալու է պետական պարտքը:

«Հանրապետականները բյուջեում հսկայական ճեղքվածք են թողել եւ փորձում են այն ծածկել բժշկական ծախսերի կրճատմամբ», - նշում է դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը:

Կոնգրեսում փոքրամասնություն կազմող դեմոկրատները չեն կարող խոչընդոտել հարկերի նոր օրինագծի ընդունումը, սակայն, պատրաստվում են այն հիմնական քննադատության թիրախ դարձնել 2018-ի Կոնգրեսի ընտրությունների ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG