Մատչելի հղումներ

Ի՞նչ կտա Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը


Թուրքիայում երեքշաբթի օրը փակ էին ԱՄՆ-ի դիվանագիտական բոլոր հաստատությունները՝ նախորդ օրը Ռուսաստանի դեսպանի սպանության պատճառով։ Սպանությունից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 6 անձանց, այդ թվում սպանությունն իրականացրած 22-ամյա ոստիկանի ընտանիքի անդամներին։

Թուրքիայի իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, թե երկուշաբթի օրը Արվեստի ցուցահանդեսում Ռուսաստանի դեսպանի սպանությունն իրականացրած ու տեղում սպանված ոստիկանը կապեր է ունեցել ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, չնայած Գյուլենը հանդես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ։

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ամենասուր պահը 2Օ15 թվականի նոյեմբերից հետո ընկած ժամանակահատվածն էր, երբ թուրքական ուժերը Սիրիայի տարածքում կործանեցին ռուսական ռազմական մի օդանավ։ Թուրքիան շատ ավելի ուշ ներողություն հայտնեց կատարվածի համար։ Սակայն կողմերի միջեւ կա եւս մի մեծ խոչընդոտ։ Սիրիայի քաղաքացիական պատերազմում Մոսկվան ու Անկարան աջակցում են հակառակ կողմերին։

Արվեստի ցուցահանդեսում դեսպանի սպանությունն էլ հաջորդեց Ռուսաստանի դեմ սկսված բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները մեղադրում էին Մոսկվային՝ Սիրիայի կառավարությանն աջակցելու ու ընդդիմադիր ուժերին գլխավոր հարվածները հասցնելու մեջ։

Սակայն Մոսկվան ու Անկարան, փորձելով մի կողմ դնել այդ հակասությունները, սկսել են Հալեպից քաղաքացիական անձանց դուրս բերելու շուրջ բանակցություններ։

Դեսպանի սպանության առիթով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքներն ուղղված չէին ընդդեմ Թուրքիայի կառավարության։ Սպանությունը սադրանք անվանելով՝ Պուտինն ասում է, թե ՝՝ Սրա համար կա մեկ պատասխան՝ ահաբեկչության դեմ պայքարն ուժեղացնելը, այնպես որ սրիկաները դա իրենց մաշկի վրա լավ զգան՛՛։

Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Էրդողանը համաձայն է Պուտինի հետ, եւ հայտարարել է, թե ՝՝Պուտինի հետ հանդիպման ընթացքում միասին եկել ենք այն եզրահանգման, որ դա իրոք սադրիչ գործողություն է եղել՛՛։

Սակայն, դեսպան Կարլովի սպանության ՝՝սադրիչ՛՛ այս գործողությունը ռուսական կողմը կարող է օգտագործել իր շահերի համար, ասում են որոշ փորձագետներ։

՝՝Սիրիայի հարցով բանակցությունների համար Պուտինն այն կարող է կիրառել Սիրիայի հարցով բանակցություններում որպես հաղթաթուղթ՛՛, ասում է վերլուծաբաններից Ալեքսանդր Գոլցը, երբ այլ փորձագետներ շարունակում են, ասելով, որ դրա դեմ Էրդողանն այսօր չունի համապատասխան հաղթաթուղթ։

XS
SM
MD
LG