Բրյուսելում երեքշաբթի օրը տարեվերջյան բանակցություններ են անցկացնում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները։ Ծանրաբեռնված օրակարգով հանդիպումն անցկացվում է դաշինքի առջեւ կանգնած դժվարին մի շարք մարտահրավերների պայմաններում, որոնցից ամենալուրջը, ինչը, չնայած պաշտոնապես դրված չէ բանակցությունների սեղանին, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման պայմաններում ՆԱՏՕ-ի հետագա քաղաքականությունն է։
Վեհաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը ուղղակիորեն չանդրադարձավ այդ հարցին՝ նշելով միայն, որ ՝՝սպասում է Թրամփի ու նրա աշխատակազմի հետ իրականացվելիք աշխատանքներին՛՛։ Իսկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց Հյուսիսատլանտյան դաշինքի ամրության կարեւորությունը։
՝՝Հանդիպման առանցքն այս դաշինքի ամրության կարեւորությունն է, դաշինքը Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի միջեւ։ Իսկ այդ դաշինքն ավելի ամրապնդելու բանալին Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը խորացնելու մեջ է՛՛, ասաց Ստոլթենբերգը։
Իսկ ՆԱՏՕ-ի մասին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Թրամփի վիճահարույց հայտարարությունները, հեռախոսային անսպասելի զրույցները, այդ թվում Թայվանի նախագահի հետ նրա զրույցը, ինչն անհանգստություն էր պատճառել Պեկինին, աստիճանաբար ավելի են մտահոգում Եվրոպային։ Մտահոգություններն ավելի են խորանում անվտանգության բարձրագույն պաշտոններում Թրամփի կողմից կատարվող ընտրությունների պատճառով։
Ավելի վաղ Ստոլթենբերգն ասել էր, որ չնայած նախընտրական արշավի ժամանակ Թրամփի արտասանած այն խոսքերին, թե Միացյալ Նահանգները կարող է չպաշտպանել ՆԱՏՕ-ի այն անդամ պետություններին, որոնք չեն կատարել ֆինանսական իրենց պարտավորությունները, ինքը հավատացած է, որ դաշնակից երկրների նկատմամբ Վաշինգտոնի պարտավորությունները փոփոխության չեն ենթարկվի։
Արտգործնախարարների մակարդակով ՆԱՏՕ-ի այս բանակցություններն անցկացվում են մի քանի օր անց այն բանից հետո, երբ Եվրոպական Միությունը հրապարակեց պաշտպանության ու հետազոտությունների բյուջեի մասին նոր ծրագիրը, որի մեջ է մտնում տարեկան 5 միլիարդ 36Օ միլիոն դոլարի ներդրումային ֆոնդի մասին կետը։