Գոհաբանության օրը միլիոնավոր ամերիկացիներ ընտանիքի եւ բարեկամների հետ միասին հավաքվում են տանը, մեծ սեղանի շուրջ՝ իրենց երախտագիտությունն արտահայտելու կյանքի բոլոր հաջողությունների համար: Սեղանին, որի շուրջ հավաքվում է ընտանիքը, ավանդաբար դրված է տապակած մեծ հնդկահավ:
Մերիլենդ նահանգում կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Փոփլար Սփրինգ կազմակերպությունը որոշել է մի փոքր փոխել ավանդույթը: Յուրաքանչյուր տարի Գոհաբանության օրը նրանք կազմակերպում են ոչ թե ավանդական ճաշ, որի գլխավոր կերակուրը հնդկահավն է, այլ՝ ճաշ հնդկահավերի հետ, որի ընթացքում կերակուրները բուսական են, իսկ հնդկահավերը՝ վայրի, պատմում է կազմակերպության նախագահ Թերի Քամինգսը.
«Մենք ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ հնդկահավերը կարող են անհատականություն լինել, ինչպես ասենք կատուն կամ շունը: Եվ հնարավոր է հաճելի ժամանակ անցկացնել եւ համեղ կերակուրներ վայելել առանց կենդանիներ ուտելու»:
Հյուրերին այս գաղափարը դուր է գալիս.
«Բուսական սնունդ ուտելու հիմնական գաղափարը բոլոր կենդանի էակների նկատմամբ կարեկցանքն է», - ասում է Քերեն Հոուսթոնը:
Հատկապես ուրախ են երեխաները.
«Ես չգիտեի, որ հնդկահավերն այսքան քնքուշ են, մինչեւ չտեսա նրանց իրականում», - ասում է Ուիլլոու Մքէլիոթը:
Հնդկահավերից բացի, կազմակերպությունն օթեւան է տրամադրել եւս 200 կենդանիների, այդ թվում՝ այծերի, թռչունների եւ բազմաթիվ խոզերի: Փոփլար Սփրինգում հույս ունեն, որ շատերի կյանքում նման երեկոների շնորհիվ հնարավոր կլինի ավելացնել նոր ավանդույթ: