Մատչելի հղումներ

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարման պատճառները


U.S. based cleric Fethullah Gulen at his home in Saylorsburg, Pennsylvania, U.S. July 29, 2016.

Թուրքիայի արդարադատության նախարարի այցը Վաշինգտոն նոր ալիք է հաղորդել թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին: Հանդիպելով իր ամերիկացի գործընկերոջ հետ, նա նորից բարձրացրել է թուրք վտարանդի ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը: Անկարան պահանջում է հանձնել թուրքական արդարադատությանը ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին: Բանակցությունների ավարտին թուրք պաշտոնյան հայտարարել է, որ այս խնդրի ձգձգումը շարունակում է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Գյուլենի պատճառով թուրք -ամերիկյան հարաբերությունների վատթարացումը սկսվեց 2015-ի հուլիսին, երբ թուրքիայում տապալվեց հեղաշրջման փորձը: Այդ փորձի համար Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանյա նահանգում բնակվող թուրք ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Նրա տարհանձման Անկարայի խնդրանքի դիմաց Վաշինգտոնը պահանջում է տրամադրել սպառիչ ապացույցներ Գյուլենի մասնակցության ու մեղավորության մասին:

Այցի օրերին Վաշինգտոնում գործող SETA հիմնադրամը կազմակերպել էր քննարկում հեղաշրջումից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին: Միջոցառմանը մասնակից բանախոսները քննադատեցին ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը Գյուլենին տարհանձնելու հարցում և ընդգծեցին վերջինիս կապը հեղաշրջման փորձի հետ:

«Գյուլենի շարժումը փորձում է ապակայունացնել Թուրքիան կարևոր պատմական փուլում... Հեղաշրջման ժամանակ ամերիկյան դիվանագիտական և ռազմական ղեկավարության հայտարարությունները բացասաբար են ընդունվել թուրք հանրության կողմից, որի 70-80 տոկոսը հավատում է, որ հեղաշրջումը կազմակերպել է Գյուլենի շարժումը:», ասում է SETA հիմնադրամի փորձագետ Ահմեդ Թեքիլօղլուն:

«Թուրքիայում ռազմական գերիշխանության վերացումից հետո հնարավորություն ընձեռվեց ամրապնդել ժողովրդավարությունը, սակայն այս գործընթացը մնաց խոցելի: Հենց այս ժամանակ Գյուլենի շարժումը փորձ արեց զավթել իշխանությունը... Արևմուտքը պետք է գիտակցի, որ սա փորձ էր ռազմական միջոցով տապալելու ընտրված իշխանությանը», նշում է Մուջիբ Խանը Կալիֆորնիայի համալսարանից:

«Այս շարժումը վնասում էր թուրքական ժողովրդավարությանը հեղաշրջումից շատ ավելի շուտ, սակայն այն խնդիր դարձավ թե Թուրքիայի և թե ԱՄՆ-ի համար հենց այս հեղաշրջմամբ: Կայուն, ժողովրդավար և բարգավաճ Մերձավոր Արևելքը ԱՄՆ-ի նպատակն է, սակայն այն չի կարող դրան հասնել առանց Թուրքիայում ժողովրդավարության զարգացման: ԱՄՆ-ը իր մեղքի բաժինն ունի Թուրքիայում այսօր առկա անկայուն վիճակի համար, քանի որ շարունակում է ապաստան տրամադրել Ֆեթուլլահ Գյուլենին», ասում է Փրինստոնի համալսարանի փորձագետ Մայքլ Ռեյնոլդսը:

Թուրք և թուրքամետ փորձագետների այս մոտեցումներըը, հնչեցրած SETA հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, փորձագիտական շրջանակների միակ կարծիքը չէ: Մեկ այլ դիտարկմամբ՝ խնդիրը գտնվում է իրավական դաշտում, որն արհեստականորեն քաղաքականացվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակազմի կողմից: Ըստ հակառակ կարծիքի՝ թուրքական կողմը չունի հստակ ապացույցներ Էրդողանի վաղեմի մրցակից Գյուլենի մեղավորության մեջ:

«Սա քաղաքական խնդիր չէ, սա իրավական և տեխնիկական հարց է: Նախագահ Էրդողանն է փորձում այն քաղաքականացնել և լարում է թուրք հանրությանը ընդդեմ ԱՄՆ-ի, որը չափազանց անպատասխանատու է և վտանգավոր: Թուրքիան պետք է տրամադրի համապատասխան հստակ ապացույցներ՝ իր խնդրանքի բավարարման համար: Չեմ կարծում, որ դրանք առկա են: Բացի այդ, եթե անգամ առկա են, տարհանձնման պարագայում ԱՄՆ-ը պետք է վստահ լինի, որ տարհանձնվող անձը կունենա արդար և բաց դատավարություն իր երկրում, բայց ներկայիս Թուրքիայի դատական համակարգը, որտեղ լայնորեն ոտնահարվում են մարդկանց իրավունքները, չի տրամադրում այն կարծիքին, որ Գյուլենի պարագայում կկիրառվի արդար դատավարություն», նշել է Կոլումբիայի համալսարանի Խաղաղության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիփսը:

Այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա արտահանձման հարցը: Բացառված չէ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն իր անդրադարձն ունենա նաև տարածաշրջանային զարգացումների և հատկապես սիրիական հակամարտության վրա:

XS
SM
MD
LG