Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանության բարձրագույն պարգեւը՝ եզդի երկու կանանց


Եզդի երկու կանայք, որոնց հաջողվել է փախչել ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորման գերությունից, արժանացել են Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպայի բարձրագույն՝ Սախարովի անվան մրցանակին։

Նադիա Մուրադ Բասին ու Լամիյա Աջի Բաշարը եզդի այն հազարավոր կանանցից ու աղջիկներից են, որոնց ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորման զինյալներն առեւանգել էին Իրաքում 2Օ14 թվականին։ Նրանք սակայն այն սակավաթիվ գերիներից են, որոնց հաջողվել է իրականություն դարձնել նորից ազատ ապրելու երազանքը։ Սակայն այս կանանց համար ազատությունն ունի միայն մեկ նպատակ՝ պայքարել հանուն մյուսների ազատության, պայքարել իսլամական ծայրահեղության արհավիրքը բոլորին բացատրելու համար։

Խորհրդային գիտնական, այլախոհ Անդրեյ Սախարովի անվան ամենամյա մրցանակաբաշխության պարգեւների մասին հայտարարության արարողության ժամանակ խորհրդի անդամները խոսեցին երկու այս կանանց ՝՝անսահման խիզախության ու մարդասիրական հատկությունների՛՛ մասին։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցի խոսքերով էլ. ՝՝Շատ խորհրդանշական ու կարեւոր որոշում է կայացրել Եվրոպան՝ պարգեւները հանձնելով եզդի այս կանանց, որոնք Եվրոպա են հասել որպես փախստականներ՛՛։

2Օ14 թվականին Իրաքի Սինջար քաղաքը գրավելուց հետո ՝՝Դաեշ՛՛-ի ծայրահեղականները գերեւարեցին հազարավոր աղջիկների ու կանանց, սկսեցին նրանց ազատ վաճառքը շուկաներում։ Հայտնի ձեռագրով առանձնացրին նրանց տղամարդկանցից։ Վերջիններիս մեծ մասին գնդակահարեցին կամ տանջամահ արին։

Նադիա Մուրադն այն ժամանակ 19 տարեկան էր, որին Սինջարի մոտակայքից տեղափոխեցին Մոսուլ, ենթարկեցին խոշտանգումների ու բռնաբարության։ Այս ամենից հետո նրան հաջողվեց փախչել, սակայն վերադարձավ ոչ թե ուրախ ընտանիք, այլ հայտնվեց մի իրականության մեջ, որտեղ այլեւս չկային մայրն ու վեց եղբայրները։

Լամիյա Բաշարն էլ 16 տարեկան էր, երբ գերեւարվեց։ Գերության 2Օ ամիսների ընթացքում մի քանի փորձից հետո ի վերջո հաջողվեց դուրս պրծնել դժոխքից, որի մասին այսօր պատմում է ամբողջ աշխարհին։ Տեղեկացնում, որ այն, ինչ կատարվեց ու կատարվում է, ցեղասպանություն է ընդդեմ Իրաքում ու Սիրիայում բնակվող եզդիների։ ՄԱԿ-ը եզդիների դեմ ՝՝Դաեշ՛՛-ի գործողությունները ճանաչել է ցեղասպանություն, ընդգծելով, որ խմբավորման նպատակը 4ՕՕ հազարանոց այս համայնքը այդ տարածքներից ջնջելն է եղել։

Եզդիների տառապանքները բարձրաձայնելու ու այս տարածաշրջանում նրանց պահանջները միջազգային ասպարեզում վեր հանելու հայտնի գործիչներ են այսօր դարձել Նադիան ու Լամիյան, ովքեր բոլորի նման սպասում են Իրաքում այս օրերին ընթացող ռազմական գործողությունների հաջող ավարտին, սպասում, թե ինչիպես է ՝՝Դաեշ՛՛-ը պարտվում Մոսուլում, ինչի դժոխային օրերի մասին են իրենք պատմում այսօր աշխարհում։

XS
SM
MD
LG