ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի ընթացքում, երբ աշխարհի տարբեր հատվածներում ավելի հաճախակի են դառնում ահաբեկչական գործողությունները, մեծ կարեւորություն է տրվում ահաբեկչություն երեւույթի դեմ պայքարին։
Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընը փորձում է վստահեցնել ընտրողներին, որ անվտանգության հարցերում իր փորձառությունը կօգնի Ամերիկային հաղթահարել ահաբեկչությունը։
«Ես միակ թեկնածուն եմ, որը դեր է ունեցել ահաբեկչության դեմ կարեւորագույն որոշումներ կայացնելու գործում», հայտարարում է նա։
Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես է գալիս ձայնի ու մտքի այլ երանգով՝ Նյու Յորքում ռումբի պայթյունը կապելով, իր խոսքերով ասած, ներգաղթի թերի համակարգի հետ, որը, ասում է նա, թույլ է տալիս ահաբեկիչներին հեշտությամբ մուտք գործել ԱՄՆ։
«Այս հարձակումները հնարավոր են դարձել ներգաղթի մեր օրենքների պատճառով, որոնց արդյունքում բավարար չափով չեն ստուգվում մեր երկիր մուտք գործող անձինք ու նրանց ընտանիքները»։
Քաղաքական հարցերով պատմաբան Մեթյու Դալեքի խոսքերով, ներգաղթի խնդիրը ահաբեկչության հետ կապելու հանգամանքը Թրամփի համար կարող է ապահովել հավելյալ ձայներ։
«Սակայն այն հակառակ ազդեցությունը կթողնի ավելի կրթված ընտրողների վրա, որոնց ձայների կարիքը Թրամփն այսօր շատ ունի»։
Նա բերում է Ֆլորիդայի համասեռականների ակումբում 49 մարդու կյանք խլած հարձակման օրինակը։ Այդ հարձակումից հետո Թրամփի հռետորաբանությունը, վերլուծաբանի խոսքերով, նրան ավելի շատ վնասել էր, քան օգնել։ Նման դեպքերում հասարակության մեծամասնությունն ավելի նախընտրում է Քլինթընի խոսքի ավելի հավասարակշռված երանգը։ Նույնը կարող է պատահել նաեւ այս օրերին՝ Նյու Յորքի պայթյունից հետո։