Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մեղադրում են միմյանց՝ Սիրիայում հաստատված հրադադարը խախտելու մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարարությունը մեղադրում է ամերիկյան կողմին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոներն ընդունում, որ ՝՝իրադրությունը կատարյալ չէ եւ որ ոտնահարումներ եղել են երկու կողմերից։

Եթե Սիրայում հրադադարը պահպանվի մեկ շաբաթ, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը, որոնք աջակցում են Սիրիայի հակամարտության հակադիր կողմերին, կազմելու են Համատեղ իրականացման կենտրոն, իրար փոխանցելու համար ՝՝Դաեշ՛՛ եւ ՝՝Ֆաթահ ալ-Շամ՛՛ ծայրահեղական խմբավորումներին թիրախի տակ առնելու մասին տեղեկատվություն։

Դենվերի համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով պրոֆեսոր Ջոնաթան Ադելմանը հավատացած է, որ ռուսներն այս հրադադարը փորձում են օգտագործել միայն ու միայն իրենց շահերից ելնելով, Մերձավոր Արեւելքում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով։

Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հարցերով ծրագրի տնօրեն, ԱՄՆ-ի արտգործնախարարության նախկին ավագ խորհրդական Դեյվիդ Ֆիլիպսը նույնպես համոզված է, որ Ռուսաստանը գործում է ոչ թե բարի կամքի պատճառով, այլ ռազմավարական ու անվտանգության իր շահերն առաջ տանելու նպատակով։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը ՝՝Սկայպ՛՛-ի միջոցով տված հարցազրույցում վերլուծաբանն ասում է.

՝՝Այդ պատճառով կարծում եմ, որ հրադադարը կարճ ժամանակահատվածի համար կունենա դրական հետեւանք, սակայն չեմ կարծում, որ այն կտանի դեպի քաղաքական բանակցությունների ու հարատեւ խաղաղության։ Եվ ԱՄՆ-ը լավ պիտի հիշի, որ Ռուսաստանը բարեկամ չէ, այլ՝ ռազմավարական հակառակորդ՛՛։

Սիրիայում դերակատարներից Թուրքիան նույնպես գործողությունների է դիմում միայն ու միայն իր շահերից ելնելով՝ կեղծ պատրվակներ ընտրելով։

Դեյվիդ Ֆիլիպսի խոսքերով, ՝՝Թուրքիան հայտարարում էր, թե Ջարաբլուս է ուղարկում իր զորքերին՝ ՝՝Դաեշ՛՛-ի դեմ կռվելու համար, սակայն այս խմբավորման հետ Թուրքիան նախապես էր կնքել գործարք, եւ իրականում փրկել է ՝՝Դաեշ՛՛-ին քրդական ուժերից։

Մեծաթիվ վերլուծաբաններ ու փորձագետներ են այսօր հայտարարում, որ առնվազն Սիրիայի հարցում Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամն այլեւս չէ։

՝՝Եվ դա անակնկալ էլ չէ։ 2Օ13 թվականից ի վեր Թուրքիան գործել է ընդդեմ ամերիկյան շահերի՝ զենք ու զինամթերք մատակարարելով ու ֆինանսավորելով ջիհադիստներին։ Ու եթե ՆԱՏՕ-ն ձեւավորվելիս լիներ այսօր, Թուրքիան որպես իսլմիստական, հակաամերիկյան տրամադրություններով երկիր, որը գործուն կերպով համագործակցում է արմատական ծայրահեղականների հետ, պարզապես չէր հրավիրվի դառնալու այս դաշինքի անդամ՛՛։

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հակասությունների մասին էին նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով ենթահանձնաժողովում չորեքշաբթի օրն անցկացված լսումները, որտեղ ենթահանձնաժողովի նախագահ Դանա Ռոհրաբախերն ասել է, թե

՝՝Տխուր է կորցնել ընտանիքի անդամներից մեկին։ Սակայն այդ անդամ Թուրքիան մեծապես է անցել ընդունելի քաղաքականության սահմանները՛՛։

Խոսելով Թուրքիայում հատկապես հեղաշրջման փորձից հետո իրականացվող գործողությունների մասին՝ Ռոհրաբախերն ասել է.

՝՝Հեղաշրջման փորձը չի արդարացնում այստեղ բռնակալություն հաստատելու Էրդողանի ջանքերը, չի արդարացնում արմատական իսլամիստական ուժերի հետ համագործակցելու Թուրքիայի քաղաքականությունը՛՛։

Ինչ վերաբերում է քրդամետ կուսակցությունների հարելու մեղադրանքով 24 քաղաքագլուխների պաշտոններից ազատելու հրամանին, Ստամբուլի Քադիր Հազի համալսարանի փորձագետներից Սոլի Օզելն ասում է, թե ՝՝սա Թուրքիայի քրդերի դեմ քաղաքական պատերազմ սկսելու մասին մի բաց հռչակագիր է Անկարայից՛՛։

Փաստորեն Թուրքիան փորձում է թույլ չտալ, որ Ժողովրդի պաշտպանության քրդական միավորումները Սիրիայում իր սահմանի մոտ հաստատեն քրդական ինքնավարություն, ասում է Դեյվիդ Ֆիլիպսը։

՝՝Էրդողանը վախենում է, որ Ռոջավայի, այսինքն՝ Սիրիայի Քրդստանի գոյությունը կոգեշնչի Թուրքիայի քրդերին՝ զարկ տալու այստեղ ինքնավարություն հաստատելու իրենց ջանքերին՛՛։

Թուրքիային Ժնեւի խաղաղության բանակցություններում ընդգրկելով եւ հյուսիսային Սիրիայում թուրքական ուժերի ներկայությունը հանդուրժելով, արդեն իսկ բարդ իրադրությունն ավելի ենք բարդացնում, ասում է ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հարցերով ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը, ում խոսքերով, Սիրիայի հակամարտությունը պիտի լուծվի հետեւյալ կերպ.

՝՝Սիրիան պիտի լինի մեծապես ապակենտրոնացված պետություն՝ դաշնային կամ համադաշնային միավորներով, որտեղ տեղի խմբերն են իրականացնում իրենց տարածքների քաղաքական կառավարումը, տիրապետում բնական ռեսուրսների պաշարները։ Քրդերը պիտի ունենան իրենց տարածքը Սիրիայում։ ԱՄՆ-ը պիտի լուրջ խոսակցություն ծավալի Էրդողանի հետ, ասելու, որ մեծապես մտահոգված է իր դաշնակից քրդերի նկատմամբ իրականացվող ագրեսիայով՛՛։

Հակառակ դեպքում քրդական պայքարն ավելի կուժգնանա հենց Թուրքիայի ներսում, որտեղ քրդական ուժերն ավելի արմատական դիրքեր կորդեգրեն՝ Սիրիան Էրդողանի համար վերածելով Վաթեռլոոյի։ Ճակատամարտ, որտեղ վերջնական պարտության մատնվեց Նապոլեոն Բոնապարտը։

XS
SM
MD
LG