Մատչելի հղումներ

Սա Վալդսեմուլեր քարտեզն է՝ պաշտպանված հատուկ կաղապարում՝ արգոն գազի մեջ, լավ պահպանելու համար հինավուրց փաստաթուղթը: Սա Ամերիկայի կարեւորագույն քարտեզն է, պատմում է Կոնգրեսի գրադարանի աշխատակից Ջոն Հեսլերը:

«1507 թվականի Մարտին Վալդսեմուլերի այս քարտեզը քարտեզագրության պատմության մեջ կարեւորագույններից մեկն է: Այն անվանում են Ամերիկայի ծննդյան վկայական, քանի որ դրա վրա այս մայր ցամաքն առաջին անգամ են անվանել Ամերիկա»:

Պատմաբանների համար գաղտնիք է մնում, թե ինչու է գերմանացի քարտեզագիրը որոշել մայրցամաքն անվանել ոչ թե այն բացահայտած Քրիստափոր Կոլումբոսի այլ՝ հետազոտող Ամերիգօ Վեսպուչիի պատվին: Կարծիք կա, որ ի տարբերություն Կոլումբոսի, ով կարծում էր, թե Հնդկաստան է հասել, Վեսպուչին գիտակցել էր, որ նոր մայրցամաք է բացահայտվել եւ գովազդել սեփական շրջագայությունը: Չնայած Վալդսեմուլերն իր քարտեզը գծել է Կոլումբոսի շրջագայությունից ընդամենը 15 տարի անց, այն մայր ցամաքի բավականին ճշգրիտ պատկեր է պարունակում:

«Գիտնականների համար գաղտնիք է մնում, թե ինչպես է նրան հաջողվել այդքան ճշգրիտ լինել», - ասում է Հեսլերը:

Ինքը՝ քարտեզագիրը մեկնաբանություններ է թողել իր քարտեզի կողքին:

«Նա ասում է. Եթե ծանոթ չեք նոր բացահայտումների հետ, եթե ծանոթ չեք Կոլումբոսի, Վեսպուչիի նոր բացահայտումների հետ եւ առաջին անգամ եք նայում այս քարտեզին, կարող եք մտահոգվել, քանի որ բազմաթիվ նոր ու անծանոթ բաներ կան դրա վրա: Սակայն մի մտահոգվեք, նայեք եւ կտեսնեք ապագայի աշխարհը», - պատմում է Հեսլերը:

Քարտեզը բացահայտվել էր 1901 թվականին Գերմանիայում։ 2007-ին այն ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանին է նվիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

XS
SM
MD
LG