Մատչելի հղումներ

Ամերիկացիներից շատերը ոգևորված չեն, որ նոյեմբերի 8-ին կանգնելու են Քլինթոն- Թրամփ երկընտրանքի առջև


Այս իրավիճակը մտահոգում է դեմոկրատներին՝ կուսակցությանը հարողների շրջանում Հիլարի Քլինթոնին չվստահող ընտրողների անփոփոխ ցուցանիշի պատճառով։

Վերջին հարցումների համաձայն, Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփի նկատմամբ ունի կայուն հինգից վեց միավորի առավելություն։ Հանրապետականների համար հատկապես մտահոգիչ է, որ ըստ որոշ հարցումների, կանանց 70 տոկոսը բացասական կարծիք ունի Թրամփի մասին, իսկ ոչ սպիտակամորթ ընտրազանգվածի տրամադրվածությունը չափազանց բացասական է։

Քլինթոնի վարկանիշները նույնպես փայլուն չեն։ Քուինափիաքի համալսարանի վերջին հարցման տվյալներով, Քլինթոնը Թրամփի նկատմամբ ընդամենը երկու տոկոսի առավելություն ունի։ Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հարցումները իրականությունից սովորաբար 3-ից 4 միավորի տարբերություն կարող են ունենալ։

Թրամփի մասին դրական կարծիք ունի հարցվածների ընդամենը 34 տոկոսը, բացասական՝ 57։ Մինչդեռ Քլինթոնը, համապատասխանաբար 37 և 57 տոկոս դրական և բացասական տրամադրվածության ցուցանիշներով առանձնապես առաջ չէ մրցակցից։

"Ընտրողները հայտնվել են այսպես կոչված՝ այրված հողի քարոզչության կենտրոնում, այսինքն՝ երբ երկու թեկնածուներն ամեն գնով՝ մեկը մյուսին ոչնչացնելու գնով են փորձում շահել իրենց աջակցությունը", ասում է Քուինափաքի համալսարանի սոցհարցումների գծով տնօրենի օգնական Թիմ Մալոյը։

Մեկը մյուսին ոչնչացնելու մարտավարությունը գալիք քարոզարշավի էությունն ամենալավ բնութագրող արտահայտությունն է։ Օրինակներից է Ցինցինատիում հանրահավաքի ժամանակ Քլինթոնի հետեւյալ հայտարարությունը.

"Մենք չենք պատրաստվում թույլ տալ Դոնալդ Թրամփին իր խաղատների նման սնանկացնել Ամերիկան"։

Այդուհանդերձ, վերլուծաբանների մեծ մասի կարծիքով, Քլինթոնի խնդիրները չնչին են Թրամփի համեմատ, ում հեղինակությունը չափազանց ցածր է կանանց և փոքրամասնությունների շրջանում։ Հանրապետական կուսակցության առաջնորդները մտահոգված, բայցև հուսով են, որ նյույորքցի միլիարդատերը իրավիճակը փոխելու դեռ ժամանակ ունի։

Թրամփը վստահ է իր հաղթանակի մեջ, քանի որ հավատացած է, որ ընտրողներն իրեն տեսնում են որպես ավանդական քաղաքականությունը հիրավի հարցականի տակ դնող թեկնածու:

Սակայն, ըստ մի շարք վերլուծաբանների էլ, Թրամփը դժվարանում է շահել առաջնային հավակնորդից համընդհանուր ընտրություններում թեկնածու դառնալու նպատակով պահպանողականների սիրտը։

"Ես կարծում եմ, որ պարոն Թրամփի հռետորաբանությունը հրաշալի աշխատում է բուն հանրապետականների լսարանի համար, սակայն նա կարող է լուրջ խնդրի առջև կանգնել աշնանը", ասում է վերլուծաբան Թոմ ԴեՖրանքը։

Սակայն հանրապետական ռազմավարները զգուշացնում են, որ Հիլարի Քլինթոնի բացասական ցուցանիշները ևս մտահոգության առիթ են տալիս դեմոկրատներին, և նա որոշակի անելիքներ ունի մինչև նոյեմբեր։

Վաշինգտոնի Երկկուսակցական քաղաքականության կենտրոնից Ջոն Ֆորթիերի խոսքերով, ակնհայտ է, որ Քլինթոնը կենտրոնանալու է Թրամփի բացասական կողմերի վրա՝ բարձրացնելու դեմոկրատների օգտին քվեարկողների մասնակցությունը։

"Նա այնքան հայտնի է քաղաքականության մեջ, որ շատերն են հասցրել չսիրել նրան և արդեն կազմել են իրենց ամուր կարծիքը նրա վերաբերյալ։ Այսպիսի իրավիճակում Քլինթոնը իսկապես պետք է ցույց տա, որ Դոնալդ Թրամփը իրենց ցանկության այլընտրանքը չէ", ասում է նա։

Ըստ Gallup-ի սոցիոլոգ Ֆրանք Նյուփորթի, ընտրողները փոփոխության մեծ պահանջարկ ունեն, և դեռևս պարզ չէ, թե որքանով Քլինթոնի և Թրամփի միջև երկընտրանքը կբավարարի այդ պահանջարկը: Սակայն, նրա կարծիքով, վճռորոշ գործոն է լինելու, թե ով ավելի կընդլայնի աջակիցների շրջանակը:

Երկու թեկնածուներն էլ կրում են բացասական վարկանիշային բեռ, սակայն չափազանց դժվար է կանխագուշակել, թե գալիք ընտրություններում որ մեկը կհաղթի "չարյաց փոքրագույնի" սկզբունքով։

XS
SM
MD
LG