Մատչելի հղումներ

Աճող գործազրկությունը հանգեցնում է Անդրսահարյան Աֆրիկայից տնտեսական ներգաղթի սրընթաց ընդլայնմանը


ՄԱԿ-ը զգուշացնում է, որ համաշխարհային անհավասարության աճող միտումը ցածր արտադրողականության և աշխատավարձերի հետ մեկտեղ խոչընդոտում են միջազգային առևտրի զարգացմանը։ Այս մասին նշվել է Նայրոբիում կայանալիք՝ Առևտրի և զարգացման ՄԱԿ-ի համաժողովի 14-րդ նստաշրջանի նախաշեմին։

Ըստ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Մուքիս Կիտուի՝ Աֆրիկայի տնտեսական վերելքի, Ասիայի առաջատար դիրքի պահպանման և համաշխարհային տնտեսության ընդհանուր աճից մյուս տարածաշրջանների շահեկան վիճակի հետ կապված վերջին տարիների լավատեսությունը հետզհետե նվազում է։

Նրա խոսքերով՝ այս շրջանները ներկայում զգալիորեն տուժում են տնտեսության անկումից։ Ցածր զբաղվածությունը և աճող պարտքերը հանգեցնում են Անդրսահարյան Աֆրիկայից տնտեսական ներգաղթի սրընթաց ընդլայնման։

"Զարգացած երկրներում առկա են մի շարք խնդիրներ։ Նախ միջազգային առևտրի հանդեպ աճող անվստահությունը, որը արտահայտվում է, օրինակ՝ Միացյալ Նահանգներում առևտրի միջազգայնացման հանդեպ ժխտողական վերաբերմունքով։ Դանդաղ աճի խնդիրները հանգեցնում են նաև վախի որոշ դրսևորումների, ինչպես՝ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ներգաղթյալների հետ կապված Եվրոպայի մտահոգությունները"։

Կիտուի խոսքերով՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության հովանու ներքո 2001 թվականին սկսված Դոհայի առևտրային բանակցությունները առկախված են։ Մարդիկ թերահավատ են, որ ներքին գյուղատնտեսական սուբսիդիաների նման խնդիրները կարող են կարգավորվել բազմակողմ գործընթացի միջոցով։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի 14-րդ նստաշրջանում առաջընթաց չի կարող գրանցվել Դոհայի բանակցությունների շուրջ, քանի որ դա Առևտրի համաշխարհային կազմակերպության իրավասության շրջանակում է, ասում է նա։

"Սակայն կարող ենք քննարկել, թե ինչպե՞ս թարմ շունչ հաղորդել միջազգային առևտրի զարգացմանը։ Ինչպե՞ս վերակենդանացնել միջազգային առևտուրը՝ նպաստելու բարգավաճմանը, նոր հնարավորություններին և մրցունակ գներով որակյալ արտադրանքի մատչելիությանը։ Հարկավոր է ազատվել այն թյուր պատկերացումից, որ միջազգային առևտուրը հարուստ երկրները թալանելու և սեփական շուկան զարգացնելու միջոց է"։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Կիտուի խոսքերով՝ այս հարցերը հիրավի պետք է քննարկվեն։ Նայրոբիի բանակցությունները հնարավորություն են ընձեռում անդրադառնալ այս և այլ խրթին և հակասական հարցերի՝ առանց քաղաքական կրքերի։

XS
SM
MD
LG