Մատչելի հղումներ

Եվրասիական 13 երկրների սանդղակում Հայաստանը 4-րդ տեղում է մամուլի ազատության տեսանկյունից


«Freedom House» կազմակերպությունն այսօր հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ 2016 թվականի տարեկան զեկույցը: Հայաստանում մամուլի ազատությունը մեկ նիշով անկում է ապրել անցյալ տարվա համեմատ։

«Freedom House» կազմակերպության մամուլի ազատության 2016-ի զեկույցի համաձայն, 2015 թվականին մամուլի ազատությունն աշխարհում իջել է վերջին 12 տարիների ամենացածր մակարդակին։ Մամուլի ազատության ոլորտում ամենալուրջ խախտումները գրանցվել են Մերձավոր Արեւելքում եւ Թուրքիայում։ Այս երկրների կառավարութունները կամ զինյալ խմբերը բռնանում են լրագրողներին՝ ստեղծելով «մեզ հետ, կամ մեր դեմ» մթնոլորտ։

Մամուլի ազատությունը սահմանափակումների է հանդիպել նաեւ եւրոպական երկրներում, գրանցված ահաբեկչական հարձակումներից հետո։

Չինաստանում գործող համացանցի վերահսկման համակարգը է՛լ ավելի է կատարելագործվել, ինչը մամուլի ազատության տեսանկյունից սահմանափակումներ է ենթադրում։

Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Տաջիկստանում, ըստ զեկույցի, այլախոհական բոլոր հարթակները գրեթե ոչնչացված են։ Այս երկրներում զանգվածային լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների խիստ վերահսկողության տակ։

Սեփական երկրում արդյունավետ կերպով իրականացվող ռուսական պետական քարոզչությունը Ռուսաստանը արտահանում է նաեւ նախկին խորհրդային երկրներ, որտեղ այն հաճախ հասնում է լսարանին։ Հատկապես այն երկրներում, որտեղ մարդկանց հասանելի չեն լրատվություն ստանալու այլ հարթակներ։

«Freedom House» կազմակերպության մամուլի ազատության ծրագրի ղեկավար Սառա Ռեփուչիի խոսքով՝ Հայաստանում այս տարի առաջընթաց չի գրանցվել։

«Հայաստանում առաջընթաց չի գրանցվել, դեռ ավելին, գրանցվել է հետընթաց, հատկապես

«Էլեկտրիկ Երեւան» ​ցույցերի բռնի ճնշումների արդյունքում։ Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից զիջում է Վրաստանին, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի համեմատ, Հայաստանը առավել առաջատար դիրքերում է։ Թուրքիայում եւ Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակումները հասել են ծայրահեղ մակարդակի»,- հայտարարել է Ռեփուչին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում։

Եվրասիական երկրների սանդղակում մամուլի ազատության տեսանկյունից առաջատարը Վրաստանն է՝ 49 միավորով, որին հաջորդում են Ուկրաինան եւ Մոլդովան՝ 53 եւ 56 միավորներով։ Հայաստանը եվրասիական երկրների շրջանում 4 տեղում է՝ 63 միավորով։ Ռուսաստանը՝ 83 միավորով առաջ է Ադրբեջանից, որը Եվրասիական երկրների սանդղակում 9-րդ տեղում է՝ 89 միավորով՝ նախորդելով Բելառուսին, Ղրիմին, Ուզբեկստանիան եւ Թուրքմենստանին։

XS
SM
MD
LG