Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներսում պայքարը թեժանում է


ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին սրվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածության հավակնորդների պայքարը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին սրվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածության հավակնորդների պայքարը:

Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության վերջին բանավեճի ընթացքում Վերմոնթի սենատոր Բերնի Սանդերսը փորձեց մեղադրել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին խոշոր ֆինանսական հաստատությունների շահերը սատարելու մեջ, սակայն, օրինակներ չկարողացավ բերել.

«Իրականում մենք պետք է մասնատենք այդ հաստատությունները», - նշել է Սանդերսը:

Քլինթոնն արձագանքեց անմիջապես.

«Նա չի կարող նման դեպքի գեթ մեկ օրինակ բերել, որովհետեւ այդպիսիք գոյություն չունեն, մինչդեռ ինձ համար ամենակարեւորը փաստերով խոսելն է»:

Ավելին, Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կասկածները փարատելու համար հրապարակելու է ֆինանսական հաստատություններում բոլոր ելույթները, որոնցով հանդես գալու համար նա անցյալում գումար է ստացել: Քլինթոնի խոսքով, օրենքները պետք է հավասար լինեն բոլորի համար.

«Եկեք բոլորի համար նույն չափանիշները կիրառենք եւ բոլորս դրանց հավատարիմ մնանք: Մշակենք եւ ակնկալենք բոլորից հարկային նույն չափանիշների կատարում»:

Ի պատասխան, Սանդերսն է՛լ ավելի կտրուկ քայլի որոշեց գնալ.

«Ես հրապարակելու եմ Ուոլ Սթրիթում արված բացարձակապես բոլոր ելույթներս, այլ ոչ միայն նրանք, որոնց համար 225 հազար դոլար, կամ երկու հազար դոլար, կամ երկու ցենտ եմ ստացել: Հարկերս նույնպես հրապարակելու եմ»:

Դեմոկրատական թեկնածության երկու հավակնորդներն էլ համաձայնեցին, որ խոշոր բանկերը չափից ավելի մեծ դեր են խաղում երկրի տնտեսության մեջ եւ պետք է մասնատվեն, քանի որ ներկա վիճակում դրանց յուրաքանչյուրի ձախողումը վտանգի տակ է դնում ողջ տնտեսությունը:

Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունները անսպասելի զարգացումներ չի նախատեսում, Քլինթոնը վայելում է Նյու Յորքի բնակչության մեծ մասի աջակցությունը:

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հետ հարցազրույցում Հիլարի Քլինթոնին աջակցություն էր հայտնել նաեւ Կոնգրեսի հայ-ամերիկյան հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոնը.

«Քլինթոնն արտաքին քաղաքականության ոլորտում ամենաիրազեկված թեկնածուն է, որը հստակ պատկերացնում է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում։ Նա մեծ ներդրում է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների գործում»։

Կոնգրեսականի խոսքով, Հիլարի Քլինթընը ամենաիրազեկված թեկնածուն է նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խնդրում։

XS
SM
MD
LG