Մատչելի հղումներ

Թուրքիան ու Եվրամիությունը համաձայնության եկան փախստականների հարցում


Եվրոպան Թուրքիայի հետ համաձայնության է հասել գաղթականների ճգնաժամի լուծման ուղղությամբ:

Ամիսներ շարունակվող հակասություններից հետո, Եվրոպական Միության երկրները Թուրքիայի հետ ի վերջո համաձայնության հասան գաղթականների ճգնաժամը կարգավորելու հարցում:

Եվրոպան Թուրքիային հավելյալ միջոցներ է հատկացնելու, հեշտացնելու է վիզային ռեժիմը եւ արագացնելու բանակցությունները Եվրամիություն Թուրքիայի մուտքի վերաբերյալ: Փոխարենն Անկարան կանգնեցնելու է Եվրոպա ուղեւորվող միգրացիոն հոսքերը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լավատեսորեն է տրամադրված.

«Թուրքիան ճիշտ գործելաոճ է ընտրել, որոշելով հետ ընդունել իր տարածքից Եվրոպա օրենքի խախտմամբ տեղափոխվող գաղթականներին: Բոլոր պայմանները կատարելու դեպքում, մենք կհեշտացնենք վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի խոսքով, ձեռնարկը թույլ կտա վերջ դնել փախստականների տեղափոխմամբ զբաղվող մաքսանենգ գործիչների եկամուտներին.

«Ապագայում Թուրքիայից Հունաստան ժամանող բոլոր գաղթականները վերադարձվելու են Թուրքիա։ Այսպիսով, Թուրքիայից նավ նստելու եւ Եվրոպայում ինքնաբերաբար բնակվելու իրավունք ստանալու միջեւ կապը կընդհատվի»:

Համաձայնագրի կապակցությամբ սակայն, իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, որի մամլո քարտուղարի խոսքով, այն իր մեջ վտանգներ է պարունակում.

«Մենք անհանգստացած ենք, որ ժամանող բացարձակապես բոլորգաղթականները հետ են ուղարկվելու Թուրքիա, առանց հաշվի առնելու նրանց առանձնահատկությունները»:

Մարտի 17-ին տեղի է ունենալու հիմնական գագաթաժողովը, որի ընթացքում Եվրամիությունն ու Թուրքիան նախատեսում են վերջնական համաձայնություն կնքել, ինչի արդյունքում Եվրոպայի առաջնորդները հույս ունեն վերջ դնել Եվրոպայում փախստականների ճգնաժամին:

XS
SM
MD
LG