Մատչելի հղումներ

Ամերիկացի վերլուծաբաններ. «Իրանի կառավարությունն արեւմտամետ է»


Այսօրվա Իրանի կառավարությունն ամբողջությամբ արեւմտամետ է, Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանի կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարել է Հադսոնի Հաստատության Ռազմա-քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Ուեյթզը:

«Ռուհանիի կառավարության յուրաքանչյուր անդամ արեւմտամետ է: Նրանք Իրանի ապագան կապում են ոչ թե Չինաստանի կամ Արեւելքի, այլ՝ առաջին հերթին՝ Եվրոպայի, իսկ եթե ստացվի՝ նաեւ Միացյալ Նահանգների հետ»:

Վերլուծաբանի կարծիքով՝ պատժամիջոցների վերացումը շրջադարձային նշանակություն չի ունենա Իրանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ տնտեսական հարաբերությունների վրա, քանի որ, չնայած խոստումնալից հայտարարություններին, Հարավային Կովկասը Իրանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների մեջ չի մտնում.

«Իրականում, նայելով մեծ պատկերին, ներկայում ես Իրանի կողմից Կովկասի եւ Միջին Ասիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն չեմ տեսնում»:

Այդ մոտեցումը կարող է փոխվել, եթե Իրանի իրական ղեկավարը, Այաթոլլա Խամենեին, որոշի վերանայել նախագահ Ռուհանիի առաջնահերթությունները, եզրակացնում է Ռիչարդ Ուեյթզը: Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի վերլուծաբան Ալեքս Վաթանկան ավելացնում է, որ պատժամիջոցների վերացման եւ միջուկային ծրագրի շուրջ գործարքի վերջնական հաստատման դեպքում Իրանն այնուամենայնիվ կփորձի որոշակի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, սակայն, համոզված չէ, թե այդ դերը դրական է լինելու:

Ինչ վերաբերում է Արեւմուտքի հետ տեւական հարաբերությունների հաստատմանը, ապա հիմնական խնդիրը վերաբերում է զարգացած երկրների համար ավելի ընդունելի հասարակարգ հաստատելու Իրանի կարողությանը.

«Իրանի տեւական խնդիրների շարքում ոչ այնքան ագրեսիվ եւ ավելի հանդուրժող հասարակարգի հաստատումն է»:

Հատկանշական է, որ Իրանի կողմից Հեզբոլային եւ այլ խմբավորումների աջակցությունը կրկին քննադատության է ենթարկվել Միացյալ Նահանգների Կոնգրեսում այս օրերին անցնող լսումների ընթացքում:

XS
SM
MD
LG