Մատչելի հղումներ

Վաշինգտոնում հայ արքեպիսկոպոսը աղոթք անցկացրեց


Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ-ի Արեւելյան Թեմի առաջնորդ Օշական Արք. Չոլոյանի մասնակցությամբ եւ առաջնորդությամբ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները Կապիտոլիումի բարձունքի վրա գտնվող Սբ. Հովսեփ եկեղեցում աղոթք էին կազմակերպել՝ ի պաշտպանություն քրիստոնյաների:

Արքեպիսկոպոսի խոսքով, չնայած Մերձավոր Արեւելքը քրիստոնեության բնօրրանն է, քրիստոնյաների վիճակն այստեղ այսօր առավել ծանր է, եւ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի սրտում կազմակերպված համատեղ աղոթքի նպատակն է հոգեւոր ուժ հաղորդել Սիրիայի եւ Իրաքի քրիստոնյաներին.

«Մենք այսօր այս աղոթքի մեջ բոլորս էլ, որպես հոգեւոր եղբայրներ ու հավատացյալներ, այդ ուժը զգացինք եւ մեր հավատքն է, որ Աստված այդ ուժը կփոխակերպե իր ներգործությամբ եւ մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը հանգիստ կյանք կգտնեն այնպես, ինչպես մենք դարերով համակեցություն ունեցած ենք իրենց հետ, որ չարը հեռանա եւ բարիքը հաղթանակի»:

Օշական Արք. Չոլոյանի խոսքով, սակայն, աղոթքի հետ մեկտեղ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին անհրաժեշտ է նաեւ նյութական օգնություն հատկացնել, ինչի համար եւ պայքարում են Միացյալ Նահանգների քրիստոնյա կազմակերպությունները՝ գիտակցելով, որ թեեւ պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիայի եւ Իրաքի բոլոր բնակիչներն են ծանր պայմաններում ապրում, քրիստոնյաների վիճակը հատկապես ծանր է եւ վտանգավոր.

«Միմիայն խոսքերով ցավակցություն հայտնելը փրկություն չէ: Այնտեղ մենք ունենք ամենօրյա զոհեր եւ չթվեմ այն բոլոր անմարդկային արարքները, որոնք տեղի են ունենում. ստրկություն, թափառում, կամայական սպանություններ եւ մանավանդ՝ խմբակային ոճիր, պարզապես երբեմն իրենց քրիստոնյա լինելու համար»:

Արքեպիսկոպոսը հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգները լայնածավալ օգնություն կցուցաբերի Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին, փրկելով նրանց հնարավոր նոր եղեռնից:

XS
SM
MD
LG