«Ի պաշտպանություն քրիստոնյաների» համաժողովը, որը միավորում է ԱՄՆ-ում քրիստոնյաների պաշտպան հանդիսացող կազմակերպություններին, քաղաքական ու կրոնական գործիչների քննարկում անցկացրեց. Այն նվիրված էր «Իսլամական պետություն» խմբավորման կողմից քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստին եւ այն արգելելու ու պատժելու անհրաժեշտությանը:
1981-ից մինչև այս տարվա հունվար ամիսը Կոնգրեսի հանրապետական խմբակցության անդամ Ֆրանք Վուլֆը, որը հանդես է գալիս «21-րդ դարի Ուիլբերֆորսի նախաձեռնության» անունից «Իսլամական պետություն» խմբավորումը Ցեղասպանությունը և միջազգային պատասխանը» քննարկմանը, պահանջեց և՛ Օբամայի վարչակազմից, և՛ աշխարհից ընդունել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացվող քրիստոնյաների ցեղասպանությունը, որպես առկա և շարունակվող իրողություն ու անհապաղ միջոցներ ձեռնարկել այն արգելակելու ուղղությամբ:
«Աշխարհը բաց է թողել ճիշտ պահը. հարյուր տարի առաջ հայերի ցեղասպանությունը, ապա՝ Սրեբրենիցան, Ռուանդան և հիմա՝ հենց մեր խոսելու պահին Իրաքում ու Սիրիայում կրկին ցեղասպանություն է տեղի ունենում: Աշխարհը պետք խոսի այդ մասին: Հռոմի պապը դա անվանել է ցեղասպանություն, կարծում եմ բոլորը պետք է դա անվանեն ցեղասպանություն: Մենք այնտեղ էինք հունվարին և իմ տեսածն եմ ասում, դա ցեղասպանություն է: Եվ աշխարհը պետք է իրերն իրենց անուններով անվանի»:
Միջազգային կրոնական ազատությունների ԱՄՆ-ի հանձնաժողովի նախագահ Դոկտոր Քաթրինա Լանթոս Սուեթը կարևորեց այդ խնդրի հետևողական բարձրաձայնումը և ԱՄՆ-ի ու այլ երկրների պետական ատյանների առջև խնդրի վերաբերյալ պահանջատեր լինելը:
Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն արամ Համբարյանը պահանջեց, որ ԱՄՆ-ի կառավարությունը անհապաղ միջոցներ ձեռնարկի ոչնչացվող Սիրիայի ու Իրաքի քրիստոնյաներին ու մահմեդականներին փրկելու համար, նա նաև կարևորեց բոլորի միահամուռ աշխատանքը այդ ուղղությամբ:
«ԱՄՆ-ն միշտ կարևորում է գործնական մոտեցումը միջազգային հարաբերություններում՝ երկաթգծերը, նավթամուղները և այլ գործոններ, որոնք իրոք շատ կարևոր են: Սակայն դրա բացասսական կողմն է մեր արժեքային համակարգի անտեսումը, այն հարցականի տակ է դրվում նման մոտեցմամբ, ցեղասպանությունների ընդունումը ու այն իրականացնողների պատժումը պետք է կատարման համար պարտադիր բարոյական նորմ լինի», - ասում է Համբարյանը:
Միջոցառմանը ելույթ ունեցան բազմաթիվ անվանի գիտնականներ, կրոնական, հասարակական ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Քոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս Բոբ Դեսթրոն, դոկտոր Գրեգորի Սթանթոնը՝ Ջորջ Մեյսոնի համալսարանից, Քրիստիեն Էվանսը, Ջոնի Մուրը և այլ գործիչներ:
Տիգրան Մարտիրոսյան