Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը դարձել է Միացյալ Նահանգներում նախընտրական պայքարի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական խնդիրը: Մինչ օրենսդիրները համաձայնագրի շուրջ քննարկումներ են կազմակերպում եւ պատրաստվում քվեարկությանը, նախընտրական պայքարի հիմնական մրցակիցները շարունակում են անդրադառնալ Իրանի խնդրին:
Արտահայտելով դեմոկրատական կուսակցության համընդհանուր կարծիքը՝ Հիլարի Քլինտոնը նշել է, որ չնայած համաձայնագրի բացթողումներին, այն հավասարակշռում է վտանգները, առանց որի իրավիճակը կարող է շատ ավելի բացասական ուղով ընթանալ.
«Արդյոք այն անթերի՞է. անշուշտ՝ ոչ: Նման ոչ մի համաձայնագիր անթերի չէ: Այդ դեպքում, արդյոք այն հաստատո՞ւն է՝ այո՛: Եւ մենք անշուշտ չպետք է դրանից հրաժարվենք»:
Հակառակ կարծիքի է Կոնգրեսի հանրապետական խոսնակ Ջոն Բեյները, ում կարծիքով համաձայնագիրը թույլ կտա Իրանին գաղտնի կերպով ռազմական միջուկային ծրագիր զարգացնել.
«Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք, որ այդ համաձայնագիրն ընդունվի»:
Կոնգրեսում անցնող քննարկումների ընթացքում կարծիքները եւս կիսվեցին ու մինչ Ռիչարդ Դարբինի նման դեմոկրատ սենատորները փորձում էին հիշեցնել, որ համաձայնագիրը թույլ կտա առաջին հերթին դադարեցնել Իրանի կողմից ատոմային զենքի ձեռք բերման գործընթացը, մյուսները միանշանակ հայտարարում էին, որ դեմ են նման համաձայնագրի ընդունմանը:
Առավել անզիջող համաձայնագրի մասին արտահայտվել է Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփը, որի համոզմամբ, համաձայնագիրը հակասում է Միացյալ Նահանգների շահերին, մինչդեռ բանակցույններին մասնակցող մյուս կողմերը, ինքը՝ Իրանը, Եվրոպան, Չինաստանն ու Ռուսաստանը շահում են համաձայնագրից.
«Այդ բոլոր երկրները պատրաստվում են զարգացնել Իրանի հետ հարաբերությունները, պատրաստվում են հսկայական գումարներ ստանալ Իրանի հետ առեւտրից, իսկ մենք ոչինչ չենք ստանալու. ոչինչ»:
Թրամփը նաեւ հիշեցրեց, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին ժամեր առաջ Միացյալ Նահանգների դեմ ուղղված ելույթ է ունեցել: