Մատչելի հղումներ

Եվրոպան Հունաստանի պարտքերը չի ներելու


Եվրոպան Հունաստանին եվրագոտուց դուրս չի հրավիրելու, սակայն Հունաստանի պարտքերն էլ ներել չի պատրաստվում, հայտարարել են եվրագոտու անդամ մյուս 18 երկրների պաշտոնյաները՝ Հունաստանի հանրաքվեի արդյունքների մասին տեղեկանալուց հետո: Հիշեցնենք, հանրաքվեի մասնակիցների մեծ մասը եվրագոտու մյուս անդամ-պետությունների առջեւ պարտքերը մարելու նպատակով Հունաստանի ներսում ծանր տնտեսական միջոցների կիրառման դեմ արտահայտվեցին: Հույների կարծիքով՝ նրանք արդեն բավականին զոհաբերությունների են գնացել հանուն Եվրամիության:

Մեկնաբանելով հանրաքվեի արդյունքները՝ Գերմանիայի փոխկանցլեր Սիգմար Գեբրիելը հույս հայտնեց, որ հունական կառավարությունը բանակցային սեղանին կվերադառնա պարտատերերի հետ.

«Ես հույս ունեմ, Հունաստանի կառավարությունը հասկանում է, որ եվրագոտու մյուս 18 երկրներն առանց որեւէ բացառության չեն կարող համաձայնել պարտքի ներման հետ, քանի որ դա սխալ կընկալվեր մյուս անդամ պետությունների կողմից եւ եվրագոտու փլուզում կնշանակեր»:

Բելգիայի ֆինանսների նախարար Ջոն Վան Օվերթվելդը նշել է, որ եվրագոտում ոչ ոք չի ցանկանում հասնել Grexit-ի, ինչպես արդեն անվանել են Հունաստանի հնարավոր դուրս գալը եվրագոտուց: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ եվրոյի մյուս անդամ երկրներն այլեւս որեւէ առաջարկ հույների համար չունեն.

«Այժմ ժամանակն է, որ Հունաստանի կառավարությունն ինքն ասի, թե ինչ է ցանկանում»:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափինը համաձայնել է գործընկերների հետ, ավելացնելով, որ եվրագոտու համար եղածը հաղթահարելի դժվարություն է, մինչդեռ Հունաստանի համար՝ լուրջ ճգնաժամ.

«Հենց Հունաստանն է դժվարությունների առջեւ հայտնվել, հենց Հունաստանն է այսօր ծայրաստիճան բարդ ճգնաժամի մեջ, որը կարող է ավելի խորանալ»:

Չնայած եվրոպացի գործընկերների խիստ մեկնաբանությունների, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այնուամենայնիվ հույս է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները կարող են լուրջ հաղթաթուղթ հանդիսանալ պարտատերերի հետ բանակցություններին:

XS
SM
MD
LG