Մատչելի հղումներ

Հունաստանում կիրակի օրը հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը ուժի մեջ է


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ինքը հետևում է Եվրոպայի վարկատուների պահանջների վերաբերյալ կիրակի հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով ընդունել նախկինում մերժած պահանջները:

«Ես երբեք չէի մտածել, որ ժողովրդավարական Եվրոպան կարող է չհասկանալ, որ ժողովրդին՝ իրենց ապագան որոշելու համար, ժամանակ է անհրաժեշտ: Ծայրահեղ պահպանողականների գերակշռությունը հանգեցրել է երկրի բանկերի աշխատանքի ընդհատմանը», ասել է Ալեքսիս Ցիպրասը:

Հունաստանը զրկվել է հետագա ֆինանսական օգնությունից՝ չկարողանալով մինչև վերջնաժամկետը՝ երեքշաբթի կեսգիշերին Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել $ 1,8 մլրդ:

Որոշ փորձագետների կարծիքով, հանրաքվե անցկացնելու գաղափարը պնդելու հետ մեկ տեղ վճարումը իրականացնելու Ալեքսիս Ցիպրասի պատրաստակամությունը Եվրոպայի նոր ֆինանսավորման շրջանակներում $ 32.4 մլրդ դոլարի վերաբերյալ հետագա բանակցություններում լծակներ ձեռքբերելու մարտավարության մի մասն է:

Ի պատասխան, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ մինչև կիրակնօրյա հանրաքվեի արդյունքը պարզ չլինի, ոչ մի բանակցություն տեղի չի ունենա:

Վերջին հինգ տարիների ընթացքում Հունաստանը հսկայական պարտք է կուտակել: Վարկատուները՝ ապագայում նոր վարկեր ստանալու պայմանով պարտադրում են Հունաստանի կառավարությանը ավելի խիստ տնտեսական բարեփոխումներ անցկացնել:

Հունաստանի կառավարության համաձայն, Հունաստանի քաղաքացիները ծախսերի կրճատումներից եւ հարկերի ավելացումներից քիչ չեն տուժել:

Այս շաբաթ փակվել են Հունական բանկերը՝ ֆինանսական ճգնաժամը վերահսկելու նպատակով: Բանկոմատները շարունակում են գործել, սակայն թույլ են տալիս միայն խիստ սահմանափակ քանակով գումար հանել:

Աթենքում չորեքշաբթի բաց է եղել մոտ 1000 բանկի մասնաճյուղ, որպեսզի բանկոմատներին մուտք չունեցող թոշակառուները կանխիկ գումար կարողանան ստանալ:

XS
SM
MD
LG