Մատչելի հղումներ

Համագումար. Ամերիկահայերը Բաղրամյանի բողոքի խաղաղ հանգուցալուծում են ակնկալում


Ամերիկայի Հայկական Համագումարն ակնկալում է Երեւանում անցնող բողոքի ակցիաների խաղաղ հանգուցալուծում, «Ամերիկայի Ձայնին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների Խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, որը նախորդ շաբաթ Երեւանում էր:

Նրա խոսքով, երկու կողմն էլ, թե կառավարությունը եւ թե ցուցարարները, խնդրի կարգավորմանը մոտենում են լուրջ եւ փորձում են սառը գլխով իրավիճակի լուծումներ գտնել.

«Ողջունելի է, որ բողոքները հիմնականում խաղաղ են ընթացել եւ ապահովվել է քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը»:

Բարսամյանն ընդգծեց, որ իր տպավորությամբ բոլոր կողմերը հասկանում են ցուցարարների մտահոգությունների էությունը.

«Երկու կողմն էլ լուծումներ են առաջարկում եւ այժմ ընդհանուր հայտարարի հասնելը, հուսամ, սոսկ ժամանակի խնդիր է»:

Ուկրաինական «Մայդանի» կրկնությունը Հայաստանում գրեթե բացառել է նաեւ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Փոլ Գոբլը: «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հետ հեռախոսազրույցում վերլուծաբան ասաց, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի եւ ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու պատճառով Հայաստանը պահպանելու է սերտ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ.

«Հայաստանում տեղի չի ունենա որեւէ իրադարձություն, որի արդյունքում երկիրը կտրուկ փոխի իր արտաքին քաղաքական ուղղվածությունը, քանի որ դա վտանգի տակ կդներ Լեռնային Ղարաբաղը»:

Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների մասին՝ Էնթոնի Բարսամյանն ասաց, որ ներկայում նման կարեւորագույն խնդիրները երկուսն են՝ անվտանգության ապահովումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը: Միեւնույն ժամանակ, եթե անվտանգության ապահովման ուղղությամբ ծավալուն աշխատանք է կատարվում, ապա նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը դեռեւս դանդաղ է ընթանում:

Հենց այս հարցում, Բարսամյանի խոսքով, կարող է դրական դեր խաղալ Սփյուռքը, որը մինչ այժմ կենտրոնացել էր հիմնականում Հայաստանում մարդասիրական ծրագրեր իրականացնելու վրա.

«Մեզ անհրաժեշտ է Հայաստանում իրականացվող օգնության ծրագրերից տեղափոխվել դեպի Հայաստանի հետ տնտեսական գործարարության ծրագրերի իրականացումը»:

Մասնավորապես, Էնթոնի Բարսամյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտները բավականին հեռանկարային են Հայաստանի համար:

XS
SM
MD
LG