Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահի կուսակցությունը կարող է պառակտվել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը կարող է պառակտվել՝ ընտրություններին ընթացքում կրած ձախողումից հետո: Երբեմնի իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության կողմից ընտրողների քվեի ընդամենը 40 տոկոսը ստանալուց հետո կուսակցության ներսում խոսակցություններ սկսվեցին հնարավոր պառակտման մասին:

Ինքն Էրդողանը հայտարարել է, որ նոր կառավարություն ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է դաշինք կազմել.

«Յուրաքանչյուրը պետք է սեփական եսասիրությունը մի կողմ դնի եւ մեր երկրում նոր կառավարություն ձեւավորի»:

Վերլուծաբանների կարծիքով սակայն, Էրդողանի կոալիցիոն կառավարության գաղափարին դեմ է հենց իր կուսակցության մի մասը: Այսպես, նախագահ Էրդողանի կուսակցության անդամ եւ Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ կողմնակից է միակուսակցական կառավարությանը.

«Թե՛ ես եւ թե՛ մեր նախագահը նախկինում հայտարարել ենք, որ կոալիցիաները Թուրքիայի համար չեն ու մենք շարունակում ենք մնալ այդ մտքին»:

Բանն այն է, որ եթե նորընտիր խորհրդարանական ուժերին չհաջողվի կոալիցիոն կառավարություն ձեւավորել, ապա 45 օր անց Թուրքիայում արտահերթ ընտրություններ կհայտարարվեն: Չնայած դրան, անսպասելի բարձր տոկոսներ հավաքած եւ առաջին անգամ Թուրքիայի խորհրդարան անցած քրդական Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ կոալիցիա չի կազմելու Էրդողանի կուսակցության հետ.

«Մենք դեռեւս դիտարկում ենք դաշինքներ կազմելու տարբերակները, սակայն Արդարություն եւ Զարգացում կուսակցության հետ դաքշինք կազմելու վերաբերյալ մեր մոտեցումը չի փոխվել: Դաշինք ասելով, ես ի նկատի ունեմ այլ ուժերի հետ դաշինքներ», - հայտարարել է կուսակցության համանախագահ Սելահդին Դեմիրտասը:

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը հայտարարել է, որ ստեղծվելու դեպքում դաշինքը կլինի ոչ թե Էրդողանի կուսակցության, այլ մյուս կուսակցությունների միջեւ:

Վերլուծաբաններն արդեն նշում են, որ արտահերթ ընտրությունների դեպքում դժվար է կանխատեսել, թե ինչպիսի մոտեցում կդրսեւորի Էրդողանի երբեմնի իշխող կուսակցությունը եւ այդ կապակցությամբ նշանակալի են համարում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի քաղաքականության մեջ վերադառնալու որոշումը:

XS
SM
MD
LG