Եգիպտոսի բանակի կողմից հովանավորվող ժամանակավոր կառավարության ղեկավարները ազատական հայացքներով հայտնի գործիչ Մոհամեդ ԷլԲարադեյին հաստատել են փոխնախագահի պաշտոնում՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնն առաջարկելով ԱՄՆ-ում Եգիպտոսի նախկին դեսպանին։
ԷլԲարադեյը իր այս պաշտոնում երդման արարողությունն անց է կացրել կիրակի օրը՝ ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի առջեւ։
ՄԱԿ-ի միջուկային էներգիայի գործակալության նախկին ղեկավար, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր ԷլԲարադեյը իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիի իշխանության դեմ երկու շաբաթ առաջ բողոքի զանգվածային ցույցերը կազմակերպած ազատական ընդդիմադիր դաշինքի ղեկավարներից էր։
Հիշեցնենք, որ Մորսիի իշխանությանը Եգիպտոսի բանակը տապալեց հուլիսի 3-ին՝ նրա պաշտոնավարման առաջին տարեդարձի օրը, երբ երկրով մեկ սկսվել էին բազմամիլիոնանոց ցույցեր՝ Մորսիին դատապարտելով իսլամիստների հետ համագործակցելու ու երկրի տնտեսությունը փլուզելու մեջ։ Ռազմական ղեկավարությունն անմիջապես նախագահի պաշտոնում էր նշանակել գերագույն դատարնի նախագահ Մանսուրին՝ նրան տալով ժամանակավոր կառավարություն կազմելու հանձնարարություն, որը պիտի կառավարի մինչեւ համընդհանուր նոր ընտրությունները։
Մանսուրի կողմից նշանակաված ժամանակավոր վարչապետ Հազեմ ալ Բեբլավին կիրակի օրը շարունակում էր կառավարության հաստատման շուրջ սկսված քննարկումները։
Իսկ Եգիպտոսի դատախազությունն այս պահին պատրաստվում է քրեական հետաքննություն սկսել Մորսիի ու նրա աջակից Մահմեդական եղբայրություն շարժման բարձրաստիճան անդամների, այդ թվում՝ շարժման ղեկավար Մոհամեդ Բադիի դեմ։
Պաշտոնից վտարվելուց ի վեր Մորսիին պահում են գաղտնի մի վայրում, սակայն մինչ այժմ նրա դեմ քրեական մեղադրանքներ չեն հարուցվել։
Դատախազությունը տեղեկացնում է, թե ստացել է բողոքներ այն մասին, որ Մահմեդական եղբայրության ղեկավարները հրահրել են բռնություններ, իրականացրել լրտեսություն ու վնասել տնտեսությանը։
Մահմեդական եղբայրությունն իր աջակիցներին հորդորել է երկուշաբթի օրը սկսել զանգվածային ցույցեր։