Մատչելի հղումներ

Նոր բախումներ Ստամբուլում


Թուրքիայի Դիարբեքիր, Սիրնակ, Էլազիք, Սիիրթ ու Անկարա քաղաքներից Ստամբուլ են բերվել ոստիկանական հատուկ խմբեր, որոնց նպատակն էր ապահովել վարչապետ Էրդողանին աջակից ցույցի անցկացումն այս քաղաքում։

Ստամբուլի Հարբիյեի շրջանում, որը Թաքսիմի հրապարակից գտնվում է 2 կմ հեռավորության վրա, բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանական հատուկ ուժերի միջեւ։ Թաքսիմից ու Գեզիի զբոսայգուց ցուցարարները հետ են մղվել, սակայն նրանք նորից փորձում են մուտք գործել հրապարակ, երբ հրապարակի շուրջը գտնվող փողոցներում են հավաքվել մեծ թվով մարդիկ։

Էրդողանն իր աջակիցների կողմից անցկացվող ցույցի ժամանակ հանդես է գալու ելույթով։
Քիչ առաջ ստացված այլ հաղորդագրությւոնների համաձայն, Անկարայում սկսվելու է ոստիկանական ուժերի հետ բախման ընթացքում սպանված ցուցարարներից մեկի հուղարկավորությունը։

Ավելի վաղ հազարավոր մարդիկ էին գիշերն անցկացրել Ստամբուլի փողոցներում, կառուցել բարիկադներ, երբ ոստիկաններն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ էին հանել նրանց դեմ։ Դրանից հետո, զրահապատ մեքենաների ուղեկցությամբ ոստիկանները գրոհել էին Գեզիի զբոսայգին, որտեղ հարյուրավոր ցուցարարներ արդեն մի քանի օր է անց են կացնում վրաններում։

Վարչապետ Էրդողանը մինչ այդ էր նախազգուշացրել, որ այստեղից ցուցարարների չհեռանալու դեպքում իրականացվելու է գրոհ՝ ՝՝հրապարակն ազատելու համար՛՛։

XS
SM
MD
LG