Հազարավոր մարդիկ, հավաքվելով Լոնդոնի Հայդ Փարք զբոսայգում, պահանջում էին, որ աշխարհի արդյունաբերապես զարգացած 8 երկրներն այս ամսվա վերջին անցկացվելիք հանդիպման ժամանակ աշխարհում տիրող սովը վերացնելու նպատակով դիմեն կտրուկ քայլերի։ Լոնդոնում ցույցը կազմակերպվել էր այն պահին, երբ այստեղ անց էր կացվում աշխարհում սովը վերացնելու հարցով գագաթաժողով վարչապետ Դեյվիդ Քամերոնի նախագահությամբ։ Վերջինս հայտարարել է, որ ՝՝աշխարհում ներկայումս մեկ միլիարդ մարդ քաղցած է, չորս երեխաներից մեկն աշխարհում՝ թերսնված, նրանցից 165 միլիոնն՝ այնքան հյուծված, որ երկու տարեկանից հետո այլեւս անհնար է վերականգնել նրանց մտքի կարողություններն ու մարմնի բնական աճը՛՛։
Այս գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցում էին աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ ՝՝Microsoft՛՛ ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, կայացվեց սովը վերացնելու նպատակով մինչեւ 2Օ2Օ թվականը հատկացնել ավելի քան 4 միլիարդ դոլար։
Հանդես գալով Հայդ Փարք զբոսայգում անցկացվող ցույցի մասնակիցների առջեւ՝ Բիլ Գեյթսն ասաց, թե աշխարհն ունի բավարար հարստություն այս խնդիրը լուծելու համար, ու եթե ճիշտ կազմակերպվի անհատներից, կառավարություններից ու գործարար աշխարհից սպասվելիք նվիրատվություններ ստանալու գործը, միլիոնավոր մարդիկ կփրկվեն սովամահությունից՛՛։
Մեծ ութնյակի հանդիպումը, որն անց է կացվելու 1Օ օր անց, կենտրոնանալու է աշխարհում աճող սովի խնդրի վրա։