Մատչելի հղումներ

Նալբանդյանն ու Հեյգը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի հուշարձանին և հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ մայիսի 20-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագարավորություն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ուիլյամ Հեյգն ասել է, որ երկու տարի առաջ՝ Հայաստանի արտգործնախարարի նախորդ այցից ի վեր, երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել՝ հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, ակտիվացել են գործարարների միջև կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։

Էդվարդ Նալբանդյանն ու Ուիլյամ Հեյգը հանգամանալից քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, որը համատեղ ջանքերով կարելի է առաջ մղել, և կարևորել է տարբեր ոլորտներում վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը:

Նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ համատեքստում, նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի և կառուցողականության դրսևորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում։

«Այս ենթատեքստում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG