Մատչելի հղումներ

Պակիստանի ընտրություններում հաղթում է նախկին վարչապետի կուսակցությունը


Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը հայտարարում է, թե իր պահպանողական Պակիստանի մահմեդական լիգա կուսակցությունը հաղթանակ է տարել շաբաթ օրն անցկացված խորհրդարանական ընտրություններում։

Շարիֆի կուսակցությունը վերցրել է խորհրդարանի 269 աթոռներից 125ը: 31 աթոռ բաժին է հասել անկախ թեկնածուներին, ովքեր այստեղ սովորաբար պաշտպանում են հաղթող կուսակցությանը: Դա նշանակում է, որ Շարիֆն ամենայն հավանականությամբ կվերստանձնի վարչապետի պաշտոնը, որը նա երկու անգամ զբաղեցրել է 199Օ-ական թվականներին։ Իսկ կառավարություն կազմելու համար նա ստիպված չի լինի դա անել կոալիցիոն սկզբունքով:

Շարիֆը Պակիստանի բոլոր կուսակցություններին է հղել իրեն միանալու կոչ, իր խոսքերով՝ ՝՝երկիրն ազատելու ներկա բոլոր խնդիրներից, որոնց մեջ են մտնում գործազրկությունը, դրամի արժեզրկումը, էլեկտրականության պակասը եւ Թալիբանի դեմ պայքարը։

Ընտրությունների արդյունքում խորհրդարանում իր տեղը պահպանել է Շարիֆի գլխավոր մրցակից, մականախաղի հայտնի մարզիկ Իմրան Խանը, իսկ ահա ներկա վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆը չի ստացել խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար բավարար թվով ձայներ։

Ընտրություններին ընտրողները ցույց են տվել մեծ մասնակցություն, սակայն ընտրության օրը տեղի են ունեցել բռնություններ, որոնց ընթացքում սպանվել է առնվազն 17 մարդ։ Քարաչի քաղաքում երկու ռումբերի պայթյունից առնվազն 1Օ մարդ է զոհվել։
Պակիստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ընտրությունների արդյունքում անցում է կատարվում քաղաքացիական մի կառավարությունից մյուսին։

Շարիֆը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 199Օ-ից մինչեւ 1993 թվականը, եւ ստիպված է եղել կոռուպցիայի մեղադրանքների ներքո ներկայացնել հրաժարական։ Նույն պաշտոնը նա ստաձնել է նաեւ 1997-ին, սակայն մեկ տարի անց նրա կառավարությունը տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում։

XS
SM
MD
LG