Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն, մայիսի 5-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով ձայների 55.86 տոկոսը ստացել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչի արդյունքում այս կուսակցության ցուցակի առաջին տեղում գտնվող Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երեւանի քաղաքապետ։
464 տեղամասերից ստացված նախնական արդյունքների համաձայն, Հանրապետական կուսակցությունը 235 512 ձայներով առջեւում է։ ՝՝Բարգավաճ Հայաստան՛՛ը 87 732 ձայնով զբաղեցնում է երկրորդ տեղը, որին հետեւում է ՝՝Բարեւ Երեւան՛՛ դաշինքը՝ 35 732 քվեով։ ՀԱԿ-ին բաժին է հասել ձայների միայն 4.39 տոկոսը, ՝՝Դաշնակցության՛՛ը՝ 3.79, Օրինաց երկրին՝ 3.83 տոկոս։
Հիշեցնենք, որ քաղաքական ուժերը պայքարում էին Երեւանի ավագանու 65 տեղերի համար։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող յոթ քաղաքական ուժերից, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական տվյալների, ավագանիում միայն երեքը ներկայացված կլինեն՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւան» դաշինքը։
Երեւանի 13 ընտրատարածքներից որեւէ մեկում ընտրական շեմը հաղթահարած եւ Երեւանի նոր ավագանիում հայտնված ուժերին չի հաջողվել հաղթանակ տանել Հանրապետականի նկատմամբ։
Ընտրությունների ընթացքին հետեւում էր տեղական 26 եւ միջազգային մեկ կազմակերպություն։
Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները համարում են, որ մի քանի միջադեպերի բացառությամբ քվեարկության օրը անցել է խաղաղ ու կանոնավոր, իսկ ընտրությունները՝ եղել տեխնիկապես լավ կազմակերպված: Սակայն զգուշավորություն ցուցաբերելով՝ եվրոպացի դիտորդները շեշտում են, որ ընտրությունների բովանդակության վերաբերյալ իրենց գնահատականները կներկայացնեն վերջնական զեկույցում: