Մատչելի հղումներ

Հետաձգվել է Հարավային Կորեայի բանակի հրամանատարի վաշինգտոնյան հանդիպումը


Հարավային Կորեայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջունգ Սեունգ Ջոն հետաձգել է ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավարի հետ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը։ Հետաձգման պատճառը Հյուսիսային Կորեայի հետ լարվածության սրման փաստն է։ ԱՄՆ-ի բանակի հրամանատար գեներալ Մարթին Դեմփսին Ջունգ Սեունգ Ջոյին հանդիպելու էր ապրիլի 16-ին, սակայն Սեուլին մտահոգում է այն հանգամանքը, որ գեներալի բացակայության ժամանակ Հյուսիսը կարող է դիմել զինված սադրանքի։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն էլ շաբաթ օրը հետաձգել էր Կալիֆորնիայի ռազմական մի հենակետից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ նպատակ ունենալով ՝՝էլ ավելի չսրել Հյուսիսային Կորեայի հետ լարվածությունը՛՛։ Պաշտպանության նախարար Չաք Հեյգելը որոշել է "Minuteman 3" հրթիռի փորձարկումը տեղափոխել եկող ամիս։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկում իրականացվելուց հետո այս երկրի դեմ սկսված նոր պատժամիջոցների պատճառով Հյուսիսը սպառնացել է ռազմական գործողությունների դիմել ընդդեմ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսում՝ ԱՄՆ-ի դաշանակից պետությունների ու ԱՄՆ-ի կազմի մեջ մտնող տարածքների դեմ։
ԱՄՆ-ը հրթիռի փորձարկումը հետաձգեց, երբ հաղորդագրություններ ստացվեցին այն մասին, որ Փհենյանը միջին հեռահարության երկու հրթիռ է տեղափոխել դեպի արեւլյան ափեր։
Հյուսիսային Կորեան իր տարածքում գտնվող արտասահմանյան դեսպանություններին ու միջազգային կազմակերպություններին տեղեկացրել է, որ ապրիլի 1Օ-ից հետո չի կարող երաշխավորել նրանց անձնակազմերի անվտանգությունը։
Սակայն դիվանագետները շարունակում են մնալ Փհենյանում։

XS
SM
MD
LG